Վիրավորների բուժօգնության կազմակերպման հարցերը առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում են
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ:
Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը:
Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով:
Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին, այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր:
Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումների տրամադրման հարցը։ Նախարարի հանձնարարականով ավելացվել է նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը: