«Ամենածայրահեղ դեպքում բացառում եմ Թուրքիայի ռազմական գործողությունների մեջ մտնելու հնարավորությունը՝ սա միանշանակ նշանակելու է Երրորդ համաշխարհային պատերազմ». Աշոտ Մելքոնյան

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ժամանակին Թուրքիային և Էնվեր փաշային չհաջողվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունն իրագործել Կովկասում, որից հետո փորձեցին այն օգտագործել Միջին Ասիայում, և այնտեղ ժողովուրդը նույնպես այն մերժեց։

«Թուրքիայի այսօրվա ղեկավարը զարմանալիորեն նորից պահեստից հանեց պանթուրքիզմի գաղափարները և այն կյանքի կոչելու նպատակով փորձեց Ադրբեջանի ձեռքով կրակից շագանակներ հանել։ Մեզ հայտնի աղբյուրներից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում միանշանակ ոչ բոլորն են համաձայն, որպեսզի երկիրը վերածվի Թուրքիայի վիլայեթներից մեկին, քանի որ այդ ամենն ի վերջո Ադրբեջանի սուվերենությանը լրջագույն հարված է հասցնում»,- 168.am հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։

Անդրադառնալով «Հայկական Ժամանակի» այսօրվա խմբագրականում լույս տեսած «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հոդվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ, քանի որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի վիլայեթներից մեկը, Աշոտ Մելքոնյանն ասաց, որ Ադրբեջանը տարածաշրջանում, ժողովրդական խոսքով ասած՝ «մատաղացու» է դառնում Թուրքիայի ձեռքում։

«Ամենածայրահեղ դեպքում ես բացառում եմ Թուրքիայի ռազմական գործողությունների մեջ մտնելու հնարավորությունը, որովհետև հասկանալի է, որ դա միանշանակ նշանակելու է Երրորդ համաշխարհային պատերազմ, որը շոշափում է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Չինաստանի ու աշխարհի շատ երկրների շահերը։ Կարծում եմ՝ եթե մենք շարունակենք այսպես պինդ կանգնել և շարունակենք պայքարը թշնամու դեմ, այս ամենն ի վերջո բերելու է Ադրբեջան պետության փլուզմանը, և չի բացառվում, որ վաղը մենք տեսնենք Ադրբեջանի տարածքում ապրող ավտոնոմ բնիկ ժողովուրդների ապստամբական գործողությունները, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի առաջին պատերազմի ժամանակ, երբ թալիշները նույնիսկ հանրապետություն հռչակեցին։ Լեզգիները բավականին ակտիվ են, ավարները, հուդիները և մյուս ժողովուրդները ոտքի կանգնելու դեպքում կարող են հասնել Ադրբեջան պետության փլուզմանը։ Կարծում եմ՝ Թուրքիայի պարագայում մենք նրա հետ հարաբերվելու որևէ խնդիր չունենք, սա արդեն լրիվ ուրիշ մակարդակ է։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կամ նրա հետ հարաբերվելու առումով դա մեծ տերությունների խնդիրն է, այդ թվում՝ Թուրքիայի  դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք ևս, իրենց հերթին՝ անհանգստացած են, առաջին հերթին նկատի ունեմ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հրահրած պատերազմի վերաբերյալ  քաղաքակիրթ աշխարհի արձագանքին, Աշոտ Մելքոնյանն ասաց, որ եղած արձագանքը չի գոհացնում, սակայն դիվանագիտությունը մի բան է, իրական, գործնական քայլերը՝ մեկ այլ բան, որոնց դեռևս ականատես չեն եղել, քանի որ առայժմ ստեղծված է խնդրում դիվանագիտական միջամտության տարբերակը։

«Դեռևս գործնական քայլերի որևէ մեկը չի դիմել, դրա համար էլ կարծում եմ՝ այս ամսին դեռևս վաղ է խոսել, սա մենք զգալու ենք վաղը։ Եթե աշխարհի մեծերը ցանկանում են կողմերին հաշտեցնել, ապա այսօր պետք է դիվանագիտական հող նախապատրաստվի, և կողմերից յուրաքանչյուրին չմեղադրեն պատերազմի սանձազերծման մեջ, դրա համար շարունակում է  դրվել հավասարության նշանը։ Եթե այսպես շարունակվեց, ամբողջ աշխարհը միանշանակ գիտի, որ սա սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի դրդումով, բայց ինչո՞ւ հստակ այս կապակցությամբ չի արտահայտվում, որովհետև հասկանում են, որ, եթե դիվանագիտական հողի վրա բանակցությունների սեղան բերեն Ադրբեջանին, ապա այսօր նրա հասցեին քննադատական խոսքերը չեն կարող նպաստել այդ հեռանկարին։ Բայց եթե այս պատերազմը շարունակվեց, բնականաբար, շատ ավելի կոշտ կլինեն Ադրբեջանի նկատմամբ, այս հարցում ես չեմ կասկածում»,- շեշտեց Ա. Մելքոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիայի ցեղասպան ձեռագիը միշտ են տեսել, և Հայրենական պատերազմում հայերի ջանադիր մասնակցությունը, առաջին հերթին պայմանավորված էր նաև Թուրքիայի հանգամանքով, որը գաղտնի դաշնակցում էր Գերմանիային, ինչպես Առաջին աշխարհամարտում։

«Մեր այսօրվա հաղթանակի գլխավոր պատճառներից մեկը մնում է այն գիտակցությունը, որ պարտությունը մեզ համար հավասարազոր է այս տարածաշրջանում ապրելու իրավունքը կորցնելուն։ Ինչպես միշտ ենք ասում՝ մենք դատապարտված ենք հաղթելու, սա միանշանակ է։ Արցախի հարցն Ադրբեջանի համար՝ նրա կոռումպացված ղեկավարության հեղինակության խնդիրն է, իսկ մեզ համար՝ կյանքի խնդիր, դրա համար էլ հաղթելու ենք, ինչպես հաղթեցինք 1918 թվականի մայիսին»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս