«Մեռնեմ մեր հայրենիքին, մի թիզ հողի համար կյանք ենք տալու». կամավորները մեկնեցին Արցախ
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք և հազարավոր տղերք մեկնեցին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:
Այսօր ևս մի խումբ տղերք մեկնեցին Արցախ: Դավթաշենի ԵԿՄ-ի նախագահ Սարգիս Գրիգորյանը վստահեցրեց՝ տղերքը մարտական են տրամադրված:
«ԵԿՄ-ում կազմվել է Երևանի առաջին վաշտ, որի մեջ մտնում են Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջանները, և այսօր դուրս ենք գալիս՝ ինչպես միշտ: Տղերքը մարտական, շատ ուժեղ են տրամադրված, ուրիշ ո՞նց կարող է լինի, սաղ գազան տղերք են: 80 տոկոսն էլ նեղացել են, որ ոչ բոլորին ենք տանում: Այս անգամ հիմնականում երիտասարդներն ավելի շատ են, մի քիչ տարիքովներին փորձել ենք հետ պահենք, թեպետ դժվար է եղել, բայց կորիզը՝ հրամանատարական կազմը, սաղ հին կռված տղաներն են: Դավթաշենը հերոսական վարչական շրջան է եղել, հերոս հրամանատարներ ենք ունեցել, ու այս տղաներն իրենց շարունակողներն են, պարտավոր ենք այս ամենը կատարել՝ թեկուզ մեր կյանքի գնով, եթե բան կա անելու, հիմա պետք է արվի, որ մեր երեխաներին չմնա, մեզանով վերջանա»,- ասաց Գրիգորյանը:
Դավթաշենի ԵԿՄ-ի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ևս հպարտությամբ խոսեց երիտասարդ տղաների քաջությունից:
«Նույն այստեղից մենք գնացել ենք 1990 թվականին, 2016 թվականին և հիմա, միշտ գնացել ենք և հաղթանակած հետ ենք վերադարձել, այս անգամ հաստատ հաղթելու ենք ու շատ ուժեղ ենք հաղթելու: Տղերքի դուխը տեղներն է, նորմալ է: Նույնիսկ աղջիկներ կան, որ եկել են հերթագրվելու, ասել ենք՝ չէ, այնպես որ, հաղթելու ենք: Երիտասարդները մեզնից գիժ են, ավելի ոգևորված են, այնքան ոգևորված, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին արդեն դուրս են հանել, իրենք են մտել տեղները: Այդ ձև ուժեղ ու դուխով տղերք են: Վատ բան չենք անում, գնում ենք հայրենիքը պաշտպանելու: Մեռնեմ մեր հայրենիքին, մի թիզ հողի համար կյանք ենք տալու»,- ասաց Մանուկյանը:
Սարգիս Գրիգորյանն Արցախ մեկնող տղերքին վերջին անգամ իր խորհուրդները տվեց, ապա հավելեց.
«Ցանկանում եմ, որ ինչքանով գնանք, մի 2 հոգի էլ ավելի հետ գանք»:
Արցախ մեկնող տղերքը միասին լուսանկարվեցին, ապա երգով ճանապարհ ընկան՝ հայրենի հողը պաշտպանելու սուրբ գործը կատարելու:
Մանրամասները՝ տեսանյութում