Եվրամիությունը 10 երկիր է թողել սահմանները բացելու ցուցակում
Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել առանց փոփոխությունների թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին թույլատրված է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ ցուցակի մեջ չեն մտնում: Սեպտեմբերի 30-ին այդ մասին ՏԱՍՍ-ին Բրյուսելում հայտնել է Եվրոպայի մի դիվանագիտական աղբյուր: «Եղել է ցուցակի վերանայում, ոչ մի կարգի փոփոխություններ չկան»,- ասել է նա: Ցանկի մեջ են մտնում Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Հարավային Կորեան, Ճապոնիան:
Չինաստանն այդ ցանկում ներառված էմնում «պայմանականորեն», այսինքն՝ նա համապատասխանում է բոլոր համաճարակաբանական չափանիշներին մարդատար հաղորդակցության վերսկսման համար, սակայն ինքը ԵՄ-ի հետ սահմաններն առայժմ բացել մտադիր չէ: Այսպիսով, չի կատարվում փոխադարձության բազային սկզբունքը, ուստի ԵՄ-ի խորհուրդն առայժմ նույնպես իր քաղաքացիներին թույլ չի տալիս ուղեւորություններ ՉԺՀ: Այսպես կոչված սպիտակ ցուցակի առաջին տարբերակը ԵՄ-ի խորհուրդը հաստատել է հունիսի 30-ին, դրա մեջ է մտել 14 երկիր, գումարած Չինաստանը: Հուլիսի կեսերին Եվրամիության խորհուրդը ցանկը կրճատեց մինչեւ 12 պետություն՝ դրանից հանելով Սերբիան եւ Չեռնոգորիան:
Հուլիսի 30-ին ընդունվել է ցուցակի երրորդ խմբագրումը, դրանից հանվել է Ալժիրը, իսկ օգոստոսի 8-ին՝ չորրորդն՝ առանց Մարոկոյի: Այդ ժամանակից ի վեր փաստաթուղթը չի փոխվել: Այն կրում է հանձնարարական բնույթ, այսինքն՝ ԵՄ-ի պետությունները կարող են իրենց հայեցողությամբ բացել կամ չբացել սահմանները սպիտակ ցուցակից ցանկացած երկրների հետ, բայց չպետք է վերսկսեն հաղորդակցությունը դրանում բացակայող պետությունների հետ: Ցուցակը պետք է նորացվի միջին հաշվով երկու շաբաթը մեկ անգամ: