ՍԴ նախագահի պաշտոնում դեռևս ոչ ոք իմ թեկնածությունը չի առաջադրել. Երվանդ Խունդկարյան

Սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստի օրակարգում է նաև Բարձր դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը:  ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և՛ ինքնաառաջադրվել, և՛ առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, այսօր արդեն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու լուրերին զուգահեռ մամուլում սկսվեց շրջանառվել տեղեկություն, թե Երվանդ Խունդկարյանը հավակնում է ՍԴ նախագահի պաշտոնում:

Վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում՝ հարցին, թե որևէ մեկն առաջադրել է իր թեկնածությունը, Երվանդ Խունդկարյանը պատասխանեց․ «Դեռևս ոչ»:

«Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասին դեռևս որոշում չունեմ: Որևէ քննարկում չի եղել: Քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»,- ասաց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:

Հարցին՝ եթե նախագահի պաշտոնում առաջադրվի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ապա կշարունակվի՞ ՍԴ-ում, ըստ Խունդկարյանի, ճգնաժամ լինել, նա պատասխանեց․

«Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստով փակ գաղտնի քվեարկությամբ, ուրեմն՝ լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջներին համապատասխան»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Խունդկարյանը թողել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը այն երաշխիքով, որ կդառնա ՍԴ նախագահ, Խունդկարյանն ասաց, թե չի կարող այդպիսի երաշխիքներ երբևէ լինել և նման քննարկում չի եղել:

«Ինչո՞ւ: Որովհետև որպեսզի դատական ատյանի որևէ դատավոր դառնա ՍԴ դատավոր, նախ պետք  դատավորների ընդհանուր ժողովն ընտրեր՝ մեկ: Երկրորդ, պետք է ԱԺ-ն ընտրեր: Եվ երրորդ, պետք է ՍԴ դատավորները ընտրեին: Որևէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ և որևէ մեկը որևէ երաշխիք չի էլ տվել»,- նշեց ՍԴ դատավորը:

Խունդկարյանը նշեց, թե պաշտոնները չի գնահատում, իր համար ավելի արժեքավոր է դատավորի՝ արդարադատական գործառույթ իրականացնելը: Իսկ որևէ պաշտոն, այդ թվում Վճռաբեկ դատարանի նախագահ, որևէ դատարանի նախագահ, ըստ Խունդկարյանի, «ժամանակավոր երևույթներ են»:

«Ցանկացած անձի կարող են ցանկացած իշխանության հետ կապել: Ես ՀՀ Գերագույն դատարան աշխատանքի եմ անցել Հանրապետության առաջին նախագահի օրոք: Ես աշխատանքս փոխել եմ և Տնտեսական դատարանում եմ որպես դատավոր աշխատել Հանրապետության երկրորդ նախագահի օրոք: Ես Վճռաբեկ դատարան թե՛ դատավոր, թե՛ պալատի նախագահ նշանակվել եմ Հանրապետության երրորդ նախագահի օրոք: Ես Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել եմ 2018 թվականաի ապրիլյան հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որևէ մեկ կուսակցության դոմինանտ կարծիք չէր կարող ազդել ընտրության վրա: Եվ ես ընտրել եմ ՍԴ-ի անդամ արդեն 2020 թվականին: Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ»,-զ րույցի ավարտին ասաց Երվանդ Խունդկարյանը:

Տեսանյութեր

Լրահոս