«Ո՞նց կարող է Ֆիզուլիի փառավոր կռիվներին հրամանատարած և պաշտպանության նախարարի անմիջական հրամանները կատարած մարդն անարժան լինի «Մարտական խաչ» շքանշանին». Վոլորդյա Հովհաննիսյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին
«2013 թվականին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Երկրապահի օրվա առթիվ պարգևատրվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բայց հանրությունն այդպես էլ հանգամանորեն չի տեղեկացվել, թե այդ ո՞ր սխրագործության համար»: Նման հարցադրում է առաջ քաշել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ հիշեցնելով շաբաթներ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը՝ հուլիսյան մարտական գործողությունների մասնակիցների պարգևատրմանը, թե «ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել, կամ դեռ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ» շքանշանով»։
168.am-ը փորձեց Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի գնդապետ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը եղած Վոլոդյա Հովհաննիսյանից պարզել՝ ինքը գոնե հանգամանորեն տեղյա՞կ է՝ ինչի՞ համար է պարգևատրվել Սուրիկ Խաչատրյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ծանոթ է 1991-1992 թվականներից, և սկսեց հիշել նախկին ղեկավարի անցած մարտական ուղին:
«1993-ի դեկտեմբերին, երբ Հորադիսի հատվածում Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց, այդ հարձակման ուղղությունում հայտնվեցին Կապանի և Գորիսի բրիգադները: Այն ժամանակ ես Գորիսի բրիգադի զորային հետախուզության պետն էի: Անկեղծ ասած, ադրբեջանցիները որոշակի հաջողության հասան և 10-15 կմ առաջ շարժվեցին, և զոհեր ունեցանք Կապանի ու Գորիսի բրիգադներից: Եվ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Ֆիզուլու մոտ, և նախարար Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին հանձնարարեց ապահովել բրիգադներն ամեն ինչով, պատասխանատու լինել այդ բրիգադների մարտական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ապահովումների համար: Ընդ որում, Գորիսի գումարտակները կռվում էին, և Գորիսի երկրապահը հենց Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ էր կռվում: Ո՞նց կարող է Ֆիզուլիի փառավոր կռիվներին հրամանատարած և պաշտպանության նախարարի անմիջական հրամանները կատարած մարդն անարժան լինի «Մարտական խաչ» շքանշանին:
Եվ եթե ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում Սուրիկ Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի, մեր մյուս փառապանծ տղաների հերոսական ուղին, ապա դա նիկոլփաշինյանական օխլոկրատիկ մանկուրտների դասալիք ոհմակից պիտի լինի: Երկրորդ՝ երբ Կուբաթլիի մարտական գործողությունների ժամանակ օրեր շարունակ չէր հաջողվում կոտրել հակառակորդի դիմադրությունը, այն ժամանակ Սիսիանի երկրապահը՝ Հովիկ Ազոյանի, Մինասյան Աշոտի, Գորիսի տղաները՝ Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ, կարողացան կոտրել դիմադրությունը և անցնել հակահարձակման ու թշնամուն հետ մղել: Ասեմ, որ մեր հաղթանակները մեծամասամբ կերտվում էին Կապանի, Գորիսի ժողովրդի և կռվող տղաների հերոսական գործերի շնորհիվ: Ժողովուրդը չէր լքում իր բնակավայրը, իսկ հատկապես Գորիսի ազատամարտիկները՝ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մեծ գործ են կատարել Լաչինի միջանցքի ազատագրման գործողությունների ժամանակ, ավելին, զորքերը դեպի Արցախ և դեպի մարտական գործողությունների թատերաբեմ, Գորիսի միջով էին անցնում և կոորդինացիոն բոլոր աշխատանքները կատարում էր Սուրիկ Խաչատրյանը:
Մի՞թե կարելի է այդքան երախտամոռ գտնվել: Մանվել Գրիգորյանին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ոչնչացրին, եկեք՝ բոլոր հրամանատարներին ոչնչացնենք, էդ հաղթանակն Ադրբեջանը սկուտեղի վրա մատուցե՞ց մեզ: Ոչ, այդ հաղթանակը տոնվել է Սուրիկ Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի և մեր հազարավոր հրամանատարների և տասնյակ-հազարավոր ազատամարտիկների հերոսական գործերի շնորհիվ, և նրանք բոլորն էլ արժանի են «Մարտական խաչի»:
ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ