2016 թվականից նոր որակի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցություն սկսվեց․ Եվսեև

Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։

«Մենք մեր բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանը չենք ստացել և պարզաբանումներ ենք ակնկալում, թե ինչու է Հայաստանը շարունակում ինտենսիվ զինվել: Փաստարկները, թե այդ ինքնաթիռներով իբր շինանյութ է տեղափոխվում, մեզ չեն համոզում. դրա համար կարող էր բեռնափոխադրման այլ տարբերակ ընտրվել»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Ի դեպ, 400 տոննա ռազմական բեռի վերաբերյալ թեման շրջանառության մեջ դրել է հենց ադրբեջանական կողմը, և դրան որևէ հստակ պաշտոնական պարզաբանում չի տրվել ո՛չ Երևանից, ո՛չ Մոսկվայից։ Սակայն Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունները որակեց աննախադեպ։ Հիքմեթ Հաջիևի դժգոհությանը նախորդել էր Իլհամ Ալիևի դժգոհությունը նույն թեմայի վերաբերյալ Պուտին-Ալիև վերջին հեռախոսազրույցի ընթացքում։

Հարկ է հիշեցնել, որ այդ հեռախոսազրույցին հաջորդեց ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Բաքու, որի ընթացքում նա նշել էր, որ Ռուսաստանը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։

Սակայն այս պատասխանը, փաստորեն, չի գոհացրել ադրբեջանական կողմին, որը տավուշյան սրացումից հետո դժգոհում է նաև Հորդանանից ու Սերբիայից։ Ռուսական «Ինտերֆաքս»-ում էլ հոդված է հրապարակել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Այազ Գուլիևը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ փորձել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որպեսզի կողմերից որևէ մեկի շահերը չտուժեն: «Ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան»,- գրել է Գուլիևը:

Հայ-ռուսական ոչ այնքան փայլուն հարաբերությունների ֆոնին բավականին ուշագրավ են հայտարարությունները հայ-ռուսական փայլուն ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Ավելին, այս գնահատականը 168am-ի հետ զրույցում վերջին 2 տարիներին արտահայտել են նաև բազմաթիվ ռուս փորձագետներ՝ ասելով, որ, չնայած քաղաքական հարաբերություններում բովանդակության բացակայությանը, փոխըմբռնման դեֆիցիտին, պաշտպանական ոլորտում համագործակցությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ, ինչը հայաստանյան շատ շրջանակներ վերագրում են քաղաքական իշխանությանը։ Սակայն ռուս վերլուծաբանների մեծ հատվածն այն կարծիքին է, որ այս համագործակցությունը շարունակվում է նման ինտենսիվությամբ՝ անկախ քաղաքական իշխանության հետ ունեցած տարաձայնություններից։

Մեզ հետ զրույցում ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության առկայության ողջ պատմության ընթացքում ձգտել է պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ թույլ չտալու համար պատերազմ։

Ըստ նրա՝ Ադրբեջանը սպառազինություն ձեռք է բերել ոչ միայն՝ Ռուսաստանից, այլև՝ մի շարք այլ երկրներից, որտեղից ձեռք է բերել սպառազինություն, որը չունի Ռուսաստանը։ Եվսեևի խոսքով, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի «Իսկանդեր» համակարգեր։

«Ինձ համար դժվար է կոնկրետ ասել, թե դա երբ է ձեռք բերվել, կարող եմ ենթադրել, որ ապրիլյան քառօրյայից հետո, սակայն դա միտված է եղել հավասարակշռության պահպանմանը կողմերի միջև, դա զսպում է իրավիճակը տարածաշրջանում, և այդ շրջանում նոր որակի համագործակցություն սկսվեց կողմերի միջև։ Բացի դրանից, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ռազմավարական դաշնակից և ունի առավելություն Ռուսաստանից արտոնյալ պայմաններով սպառազինություն ձեռք բերելու հարցում, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, և դա հայտնի է Ադրբեջանին։

Ավելին, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Թուրքիան է իր առաջնահերթ գործընկերը, նշանակում է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և պարտավորությունները ևս պետք է իրականացնի Թուրքիան։ Ռուսաստանի տարածաշրջանային շահն է ենթադրում հավասարակշռության պահպանումը և պատերազմի կանխումը, իսկ դա շատ հնարավոր սցենար է, որում կրկին համոզվեցինք վերջերս»,- ասաց Եվսեևը՝ ակնարկելով, որ այս համագործակցությունը շարունակվում է նման ինտենսիվությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Նրա որակմամբ՝ այն, որ Ադրբեջանը բողոքում է Ռուսաստանի «պահվածքից», նշանակում է՝ առաջացել են ռազմական խնդիրներ Ադրբեջանի համար, ինչը հայաստանյան տեսանկյունից դրական հանգամանք է։

«Անկախ Ադրբեջանի ցանկության, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն իր օրակարգն ու բովանդակությունն ունի, ինչը դրական է, քանի որ դա առնչվում է երկրի անվտանգությանը, և դրական է նաև այն, որ անկախ քաղաքական հարաբերությունների վայրիվերումներից՝ ռազմատեխնիկական մակարդակում գոհացնող համագործակցություն կա համապատասխան գերատեսչությունների միջև»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս