Բաժիններ՝

«Մարտական պատրաստության, զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կառավարման տեսանկյունից այն ունի չափազանց մեծ բացթողումներ». Հրաչյա Պետրոսյանց

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում աշխարհազորի ստեղծման մասին նախագիծը։

Մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը լուրջ վերանայումներ է ենթադրում բոլոր ուղղություններով, արդյո՞ք աշխարհազորի ստեղծումը տեղավորվում է տարածաշրջանային մարտահրավերների տրամաբանության մեջ, կամ՝ ինչ պիտի արվի, որ այս գաղափարը համահունչ լինի անվտանգային մարտահրավերներին:

168.amի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ աշխարհազորի գաղափարը բավականին կարևոր է մեզ համար, քանի որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը մեզ պարզապես ստիպում է փնտրել ուղիներ, որոնք կապահովեն ողջ ներուժի օգտագործումը։

– Այստեղ հարցեր կան կապված որոշ իրավակարգավորումների հետ, ինչպես նաև՝ հստակ չի երևում այն թիրախային խումբը, որը կարող է ընդգրկված լինել աշխարհազորում։ Համոզված եմ, որ հեղինակներն անմիջապես կարձագանքեն՝ ովքեր կարող են դառնալ աշխարհազորի անդամ։ Դրա համար նշեմ, որ զորահավաքային, մարտական պատրաստության, թիկունքային ապահովման և զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կառավարման տեսանկյունից այն ունի չափազանց մեծ բացթողումներ։ Կարծում եմ՝ այդ հարցերին կարելի է անդրադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան փոփոխությունները կընդգրկվեն օրենքներում, քանի որ այդ հարցերը կարող են կարգավորվել կառավարության որոշումներով կամ ներգերատեսչական ակտերով։

Ըստ էության, սա նշանակում է` ֆինանսական քիչ միջոցներով անվտանգային մեծ խնդիրներ լուծել` կարգավորելով մարդկային ռեսուրսի քանակի հետ կապված հարցը:

Ես չեմ կարծում, որ աշխարհազորի ստեղծումը քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում, դրա համար կրկնեմ այն, ինչ արդեն ասել եմ՝ աշխարհազորի ստեղծումը խնդիր ունի առավելագույնս օգտագործել կուտակված ներուժը։

 Անվտանգային կոնկրետ ի՞նչ խնդիրներում պիտի ընդգրկված լինի աշխարհազորայինը:

– Նախագծում հստակ տրված են այն խնդիրները, որոնք պետք է կատարի աշխարհազորը։ Դրանից ավելի որևէ բան չի կարող հանդիսանալ աշխարհազորի խնդիրը։

ՀՀ զինված ուժերն անընդհատ համալրվում են նոր սպառազինությամբ, առհասարակ դրանց տիրապետելու հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա: Կարծես թե արգելք չկա՝ ծառայած չլինելու հետ կապված, իսկ եթե մարդը զենք բռնել չգիտի՞, խրամատ փորի՞:

– Աշխարհազորը չի հանդիսանալու ԶՈւ կանոնավոր զորամիավորում կամ զորամաս, անվանումն արդեն իսկ ասում է, թե ինչ է այն իրենից ներկայացնելու, և եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ աշխարհազորի անդամ կարող են դառնալ բացառապես այն անձինք, ովքեր պարտադիր զորակոչի ենթակա չեն, ապա այստեղ ոչ միայն նորագույն կամ նոր ձեռք բերված, այլ ընդհանրապես սպառազինության տիրապետման հետ կապված հարցեր են ծագելու։ Եվ այստեղ հարցը միայն սպառազինությունը չէ, բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, դրանցից ամենաարդիականն այսօրվա աշխարհի բոլոր բանակների համար, դա փոխգործակցության խնդիրն է։ Այսինքն՝ ԶՈւ կանոնավոր զորամասերի և աշխարհազորի փոխգործակցությունը տարբեր խնդիրներ կատարելու ժամանակ։

Մարտունակ և պրոֆեսիոնալ աշխարհազորի, պահեստազորի առկայությունն արդյո՞ք հետ չի գցում պայմանագրային ծառայության ընդլայնման ծրագրերը, հատկապես, որ այն ավելի մեծ գումարներ է պահանջում, ամեն դեպքում:

– Այն գումարները, որոնք նախատեսված են պայմանագրային ծառայության զարգացման համար, չեն ուղղվելու ուրիշ ոչ մի տեղ, ինչից էլ հետևություն կարող ենք կատարել, որ աշխարհազորը և պայմանագրային ծառայությունը ոչ թե հանդիսանում են «մրցակցային» կառույցներ, այլ դրանք պետք է ընթանան զուգահեռ փոխլրացման ուղիով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս