176 միլիոն դրամ՝ «իԳործ» ծրագրով Հայաստան եկող 100 սփյուռքահայ երիտասարդի կեցությունն ապահովելու համար
Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին, որն էլ կուղղվի սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։
Սփյուռքահայ երիտասարդները Հայաստան կգան «իԳործ» ծրագրի շրջանակում։
Ծրագրի համար մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 800 սփյուռքահայ մասնագետներ, որոնցից 256-ը համապատասխանել է նախապես սահմանված պայմաններին և պահանջներին:
Հայտերից, սակայն, ըստ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացված պահանջների, անհրաժեշտ կլինի ապահովել 100 սփյուռքահայ մասնագետների ներգրավումը, թեև ավելի վաղ հայտարարվել է 20 մասնակցի մասին, որոնց կեցության ծախսերը հոգալու համար 2020 թվականի պետական բյուջեից հատկացվել էր 90 միլիոն 240 հազար դրամ։
Հիմա, երբ մասնակիցների թիվը 20-ից հասել է 100-ի, անհրաժեշտ է շատ ավելի շատ գումար՝ մասնակիցների կեցության ծախսերի համար, ուստի, որպեսզի պետական բյուջեում ևս մեկ անգամ փոփոխություն չկատարվի, սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը փոփոխություն է կատարել իր այլ ծրագրերում, և «Հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդ մասնագետների պրակտիկայի կազմակերպում» միջոցառման համար նախատեսված գումարը՝ 80 միլիոն 640 հազար դրամը, ևս կուղղվի «իԳործ» ծրագրին։
Արդյունքում «իԳործ» ծրագրի բյուջեն կկազմի 176 միլիոն դրամ։
Նշենք, որ միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, ինչպես նաև կապահովվի նրանց կեցության ծախսերը՝ բնակվարձ, սնունդ, տրանսպորտային ներքին ծախսեր, բժշկական ապահովագրություն, որը յուրաքանչյուր մասնակցի համար կկազմի 336,0 հազ. դրամ: