«Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք ընդդիմությունն ունի իշխանության դեմ պայքարելու համար». Քաղտեխնոլոգ

«Այդ միավորման մասին լսում եմ 1990 թվականի աշնանից, երբ մայիսին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Այդ ժամանակվա աշնանից լսում եմ, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Սակայն 30 տարվա ընթացքում ընդդիմությունը չի միավորվում, բացառությամբ որոշ դեպքերի, երբ նախընտրական կամպանիաներ են եղել, և ընդդիմության որոշ ուժեր միավորվել են»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե արտախորհրդարանական ընդդիմությունն  առաջիկայում  կմիավորվի, և կփորձեն միասնական պայքարել երկրում տիրող իրավիճակի դեմ։

Ըստ Արմեն Բադալյանի, այս պահին կան անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ընդդիմությունն աշնանն իշխանությունների դեմ բավականին ակտիվ գործողություններ իրականացնի։ Նման խնդիրներից են Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, սոցիալ-տնտեսական վատ վիճակը, գործազրկության ակտիվացումը և այլն։

«Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք ընդդիմությունն ունի իշխանության դեմ պայքարելու համար։ Ընդդիմադիր ուժերն այդ ամենը կօգտագործե՞ն, չեմ կարող ասել, այսինքն՝ հարցն այն է՝ արդյո՞ք կկարողանան գրագետ օգտագործել։ Եթե գրագետ օգտագործեն, ապա կկարողանան ինչ-որ խնդիրներ լուծել, ընդհուպ՝ հասնել մինչև արտախորհրդարանական ընտրությունների։ Եթե այդ հնարավորությունները գրագետ չօգտագործեն, ապա նման բան տեղի չի ունենա, և մի քիչ ակտիվությունը պահպանելով քաղաքական դաշտում՝ սահուն կմտնենք 2021 թվական։ Բայց կրկնում եմ՝ ամբողջ ընդդիմությունը չի միավորվել և չի միավորվելու, սա ուղղակի իդեա ֆիքս է»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս