Բաժիններ՝

«Բանկերից գալիս-ասում են՝ բա որ վարկ ես վերցրել, ո՞ւր է քո անասունը. այ անասուն, անասունը դաշտում է». Ծղուկցիները չեն կարողանում փակել վարկերը

Սյունիքի մարզի Ծղուկ համայնքը, որն ունի 230 բնակչություն, չունի մանկապարտեզ։ Խնդրի մասին ծղուկցիները բարձրաձայնեցին աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք տարիներով սպասում ենք, որ գյուղում մանկապարտեզ կառուցվի, հիմա ես երկու երեխա ունեմ, երկուսն էլ՝ անչափահաս։ Մարզպետին էլ, փոխմարզպետին էլ խնդրել ենք՝ մի բան անեն»,- ասացին գյուղացիները։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանն Անգեղակոթ գյուղում բնակիչների հետ հանդիպումից հետո այցելել է Ծղուկ համայնք։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը վարչապետին տեղեկացրեց, որ 2011-2020 թվականին Գորայք խոշորացված համայնքում, որտեղ կա չորս խոշորացված բնակավայր՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան, 450 մլն դրամի ծրագիր է իրականացվում։

Բնակիչներից մեկն էլ դիմելով վարչապետին՝ պատմեց, որ հեղափոխությունից ոգևորված՝ քաղաքը թողել և հաստատվել է գյուղում, սկսել է զբաղվել անասնապահությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղատնտեսությունը։

«Եկել վարկ եմ վերցրել, նախ՝ չեն տվել, հետո՝ տունս գրավ եմ դրել, նոր 6 մլն դրամ տվել են։ Եթե մյուս տարիներին մեր արոտվայրից ստացել ենք 3000 տուկ, այս տարի ստացել ենք 75 տուկ։ Խոտ ու կաթ չկա, որպեսզի ես հիմա այդ վարկը փակեմ, եթե չեմ փակում, տունս ավտոմատ կորցնում եմ։ Միայն ես չեմ, որ նման վիճակում եմ, բոլորն էլ վարկեր ունեն։ Մարդիկ կան, որ առավոտից երեկո աշխատում են, կոնկրետ չունեն փող, որ վճարեն վարկերը, երիտասարդներն արդեն սկսել են սպիտակել, ծնողները՝ հիվանդանալ, այս տարի կոնկրետ շատ վատ տարի է այս գյուղի համար։ Բանկերում այսպիսի իրավիճակ է տիրում՝ ունես ծանոթ՝ ունես ամեն ինչ։ Բանկերից գալիս–ասում են՝ բա որ վարկ ես վերցրել, ո՞ւր է քո անասունը․ այ անասուն, անասունը դաշտում է, ասում եմ՝ եկեք, տանեմ ցույց տամ»,- նշեց ծղուկցին։

Լսելով բնակիչներին՝ վարչապետն արձանագրեց, որ գյուղում առաջին խնդիրը վերաբերում է հողերին, արոտավայրերին, երկրորդը՝ կաթի ու մսի մթերմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս