Դիմակ կրելը պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար
ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել դիմակի կրման պարտադիր պահանջներում: Սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են դիմակ չկրել:
Ըստ պարետի որոշման փոփոխությունների՝ դիմակ կարող են չկրել Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: