«Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է, արդյո՞ք այլ պայմաններ են եղել, դա պետք ա մենք դեռևս պարզենք». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված ԶՈՒ սպայի մասին
«Նախ իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտակա ժամանակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու փաստին:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ծառայողական քննության ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, որովհետև, ըստ պաշտպանության նախարարի ու նախարարության նախնական գնահատականի՝ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել է հակառակորդի կողմում:
«Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է, արդյո՞ք այլ պայմաններ են եղել, դա պետք ա մենք դեռևս պարզենք: Դրանից կախված՝ արդեն տարբեր միջազգային կառույցներում մենք տարբեր ձևաչափերով աշխատում ենք: Չնայած հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն Ադրբեջանում այցելի մեր զինծառայողին, որը էս պահին, ըստ իմ տեղեկությունների, չի կատարվել»,- հավելեց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե միջազգային հանրությունն ի՞նչ արձագանք է տվել, քանի որ արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, Տոնոյանը պատասխանեց.
«Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որով ցանկացած իշխանություն, նաև Ադրբեջանի իշխանությունները տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել: Դրանից հետո լինում են արդեն արձագանքներ տարբեր ձևաչափի: Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ միջազգային Կարմիր խաչի գրասենյակի շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի էդ ամեն ինչը կատարվի, այսինքն՝ վերադարձվի Հայաստան: Բայց կա նաև վերադարձման ինչ-որ պայմաններ, ճի՞շտ ա: Ասում են՝ փոխանակել և այլն, գործընթաց, որն այս պահին խոսել ընդհանրապես մենք չենք կարող: Գլխավորը՝ անվտանգ և առողջ լինեն»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, թե օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ: ՊՆ խոսնակը նաև նշել էր, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է՝ որպես դիվերսանտ: