«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել». Դավիթ Տոնոյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմում հաղթել-չհաղթելու  մասին վերջին օրերին հնչող քննարկումներին: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.

«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»:

Հստակեցնող հարցին, թե գլոբալ առումով հաղթանա՞կ   էր, կամ ի՞նչ արձանագրում է արել նախարարը, Տոնոյանը պատասխանեց.

«Գլոբալը ռազմաքաղաքական իրադրությունն է, իրավիճակն է, որը  փոփոխության չի ենթարկվել: Եղել են տարածքային կորուստներ… Որպես պաշտպանության նախարար՝ ես հաղթելու կողմնակիցն եմ, ես՝ ոչ արձանագրելու… թողեք՝ մենք մեր գործով զբաղվենք»:

Կորցրած դիրքերի թվին առնչվող հարցին էլ Տոնոյանն արձագանքեց. «Ես դիրքերի քանակը չեմ հաշվարկել»:

Դավիթ Տոնոյանը լրագրողներին հորդորեց իրենց հուզող հարցերն իրեն ուղղել, երբ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը կհրապարակի  եզրակացությունը:

«Ապրիլյան հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, թողնենք, սպասենք, տեսնենք… Երբ որ հանձնաժողովը կավարտի  աշխատանքը, հայտարարություն կլինի, էն ժամանակ հարցեր տվեք: Միգուցե ինչ-որ բանի հետ ես համաձայն լինեմ: Միգուցե ինչ-որ բանի հետ անհամաձայնությունս հայտնեմ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով Ապրիլյան քառօրյայից հետո Պաշտպանության նախարարության իրականացրած ուսումնասիրությանը՝ Դավիթ Տոնոյանն ասաց, թե ունեն շատ մանրամասն վերլուծություն-ինքնաքննադատություն:

«Շատ մանրամասն է եղել էդ վերլուծությունը, շատ մանրամասն, որը  շատ հարցերի պատասխանները տվել է: Ընդ որում, եղել է մեծ ինքնաքննադատություն: Եվ ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի կարող է հրապարակային  դառնալ, որոշակի՝ ոչ»,- հավելեց Տոնոյանը:

Խոսելով ՀՀ-ում աշխարհազոր ստեղծելու մասին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, թե դա ուղղակի հասարակության պատրաստվածությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին, ռազմական բնույթի սպառնալիքներին:

«Մեր սպառնալիքները, այն ռիսկերը, որոնք  անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում, նաև ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հարևանությամբ նոր հայտարարություններին, ես կարծում եմ՝ մեր ռեսուրսները միայն ակտիվ բանակի, այսինքն՝ գործող զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս