Բայդենը և Հարիսը Թրամփին մեղադրել են ցույցերի ժամանակ բռնություն հրահրելու մեջ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը եւ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը դատապարտել են ցույցերի ժամանակ կիրառվող բռնությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել այն հրահրելու համար:
«Նա (Թրամփը) դա դիտում է որպես քաղաքական շահ: Նա ցանկանում է, որպեսզի ոչ թե քիչ, այլ ավելի շատ բռնություն լինի»,- ասել է Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում:
Իր հերթին Հարիսը հայտարարել է, որ դեմոկրատները հավանություն չեն տալիս բռնությանը:
«Մենք (խաղաղ ցուցարարներին) չպետք է շփոթենք այն անձանց հետ, ովքեր կողոպտում են եւ բռնության գործողություններ կատարում»,- հայտարարել է Հարիսը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է առցանց:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր 17-ամյա Քայլ Ռիթենհաուսին, որը մեղադրվում է Վիսկոնսինի Քենոշա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդու սպանության մեջ, որտեղ ոստիկանն աֆրոամերիկացուն ծանր վիրավորել էր ձերբակալելու ժամանակ:
ԱՄՆ-ում մայիսի վերջից զանգվածային ցույցեր են անցկացվում աֆրոամերիկացիների հասցեին ոստիկանության բռնության դեմ. հաճախ դրանք վերածվում են անկարգությունների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: