Արդյո՞ք վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապն օգտագործում է հայ սպային վերադարձնելու համար

Օգոստոսի 22-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»,- գրել էր ՊՆ խոսնակը։

168.amվարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապն օգտագործում է հայ սպային վերադարձնելու համար և առհասարակ ուղիղ կապն օգտագործվո՞ւմ է։

«Խնդրում եմ, զանգահարեք Պաշտպանության նախարարություն։ Վարչապետը մշտապես ուղիղ կապ ունի Պաշտպանության նախարարի հետ, բայց խնդրում եմ՝ այդ հարցով զանգահարեք ՊՆ, հարցը գտնվում է իրենց իրավասության ներքո»,- ասաց Մանե Գևորգյանը։

168.am-ը հետևելով Մանե Գևորգյանի հորդորին, նույն հարցն ուղղեց նաև ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին․ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապն օգտագործո՞ւմ է հայ սպայի պահման պայմանների, նրան հայրենիք վերադարձնելու համար։

Հարցին ի պատասխան՝ Շուշան Ստեփանյանը նշեց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել՝ նշելով, որ հարցը կարող ենք ուղղել վարչապետի խոսնակին։

Մենք երկրորդ անգամ զանգահարեցինք վարչապետի խոսնակին, ճշտելու՝ ի վերջո, այդ ուղիղ կապն օգտագործվո՞ւմ է, քանի որ ՊՆ-ից էլ ասել են, որ հարցն ուղղենք վարչապետի խոսնակին։ Մանե Գևորգյանը նշեց, որ ամեն դեպքում չի մեկնաբանելու ուղիղ կապի օգտագործման հետ կապված հարցը։

Նշենք, որ ուշ ՊՆ խոսնակը նաև տեղեկացրել էր, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:

Այնուհետև ադրբեջանական կողմը հրապարակեց տեսանյութեր, որտեղ երևում է, որ հայ սպայի նկատմամբ ցուցաբերվել է նվաստացուցիչ վերաբերմունք։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել օպերատիվ կապ:

«Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը, և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս