«Պարոն վարչապետը չի կարող մեկնաբանել ամեն տեսակի հայտարարություն, որ անում են կուսակցության կամ խմբակցության անդամները». ՀՀ վարչապետի խոսնակ

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ:

Հարցին, թե՝ «դուք ի՞նչ կապ ունեք «Սորոսի» հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ», Ալեն Սիմոնյանը պատասխանել էր․ «Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է՝ Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․»։

Դիտարկմանը՝ «Իսկ Սորոսի վաստակնե՞րը», ԱԺ փոխնախագահն արձագանքել էր․ «Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձեն դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

Այս հարցազրույցին հաջորդել էր «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի՝ օգոստոսի 14-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղարկված նամակը, որտեղ նրան առաջարկել էր Ալեն Սիմոնյանի արտահայտած մտքերը քննարկման դնել Էթիկայի հանձնաժողովում:

Քանի որ Ալեն Սիմոնյանը, ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վարչության անդամներ են, 168.amվարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ տեսակետ ունի Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչպե՞ս է գնահատում դրանք:

«Որևէ գնահատական կամ որևէ մեկնաբանություն չկա։ Եթե պարոն Սիմոնյանից ուզում եք հետաքրքրվել, թե ինքն ինչի է, օրինակ, նման հայտարարություններ արել, կամ և այլն, խնդրում եմ զանգահարել իրեն, բայց խմբակցությանը վերաբերող հարցերին ես չեմ կարող մեկնաբանություն տալ»,- պատասխանեց խոսնակը:

Հստակեցմանը, թե ցանկանում ենք լսել վարչապետի գնահատականը՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նա այսպես արձագանքեց.

«Պարոն  վարչապետը չի կարող մեկնաբանել ամեն տեսակի հայտարարություն, որ անում են կուսակցության կամ խմբակցության անդամները, ուստի  մեկնաբանություն չկա տալու»:

Տեսանյութեր

Լրահոս