Արդյոք Կառավարության և «Իմ քայլի» միջև Էդգար Շաթիրյանի թեկնածության վերաբերյալ եղե՞լ է պայմանավորվածություն

Երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, մամուլը գրեց, թե դա ավելի վաղ կայացրած պայմանավորվածության արդյունք էր:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինին խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի չորրորդ հոդվածի համաձայն՝ պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար: Եվ ահա, միայն հիմա, երբ Վահրամ Ավետիսյանը դուրս եկավ պայքարից, և Շաթիրյանն էլ դարձավ 40 տարեկան, հնարավոր եղավ նրան առաջադրել այդ պաշտոնում»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցինք, թե որպես խմբակցության ղեկավար՝ ինչպե՞ս կմեկնաբանի այս լուրերը, և արդյո՞ք եղել է պայմանավորվածություն կամ քննարկում «Իմ քայլի» ու կառավարության միջև:

«Չկա նման բան: Չկա որևէ պայմանավորվածություն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ կառավարությո՞ւնը, թե՞ «Իմ քայլ»-ն է առաջարկել Էդգար Շաթիրյանի հնարավոր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում, որ խմբակցությունը նախապես հանդիպում է նախատեսել Շաթիրյանի հետ, Մակունցը պատասխանեց, թե խմբակցությունը թեկնածուներ չի կարող առաջադրել, «Իմ քայլը» իմացել է, որ շրջանառվում է հնարավոր թեկնածուների շրջանակ, իրենք էլ Էդգար Շաթիրյանին ունեին հարցեր, խմբակցությունը նպատակահարմար է գտել այս փուլում հանդիպել վերջինի հետ:

«Իհարկե, կառավարությունը, վստահ եմ, ունի հնարավոր թեկնածուներ, մի քանի թեկնածու, որոնցից մեկը նաև պարոն Շաթիրյանն է: Մյուս թեկնածուների մասին տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել և հաստատել էր իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, սակայն «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը հայտնեց, որ որոշել է  ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչել, քանի որ իր համար ակնհայտ է, որ իշխող խմբակցության պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև իր համար անընդունելի են:

Իսկ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու համար քննակվում է Էդգար Շաթիրյանի հնարավոր թեկնածությունը: Վերջինն էլ այդ հարցում տվել է իր համաձայնությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս