«Իմ քայլը» վստա՞հ է, որ ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Շաթիրյանն էլ չի որոշի կեսից թողնել և հեռանալ
«Ուզում եմ նշել, որ Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, որպես հնարավոր թեկնածու՝ դիտարկվում է, բայց Կառավարության թեկնածուն չէ»,- ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի և իշխող «իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Խոսելով ՍԴ դատավորի հնարավոր թեկնածուի հետ հանդիպման բավական կարճ տևողության մասին՝ Մակունցն ասաց, թե նախկինում առիթ ունեցել են Էդգար Շաթիրյանին առանձին հարցեր ուղղելու և հնչեցրել են հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հետ կապված հնարավոր կարգավիճակին:
«Որպես հնարավոր թեկնածու՝ մեզ բոլոր հուզող հարցերը մենք ուղղել ենք պարոն Շաթիրյանին: Ինչ վերաբերում է թեկնածուին պաշտոնապես ներկայացնելու պարագայում, ապա դեռևս առիթ կունենանք լսելու թեկնածուին ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Մակունցի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Էդգար Շաթիրյանի հետ խոսել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարվելու՝ իր որոշման մասին: Այդուհանդերձ լրագրողի հարցը, թե խոսե՞լ են ԿԿՀ անդամի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին, կամ ինչքանո՞վ է «Իմ քայլը» վստահ, որ այս անգամ էլ ինչ-որ փուլում Էդգար Շաթիրյանը չի որոշի թողնել իր պաշտոնը կամ ինչ-որ կարգավիճակից չի հրաժարվի, Մակունցը թողեց անարձագանք:
«Ես կարծում եմ՝ եթե առաջադրվի պարոն Շաթիրյանը կառավարության կողմից, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային նաև հնչեցնելու: Քանի որ նիստը փակ էր, իր փոխարեն ես պատասխանատվություն չեմ վերցնի դրան արձագանքելու, որովհետև չգիտեմ՝ արդյո՞ք նա նպատակահարմար կգտնի, թե՞ ոչ: Եթե առաջադրվի, վստահ եմ, որ այդ հարցը կհնչի, և պարոն Շաթիրյանը կարձագանքի»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահ ընտրեց հանձնաժողովում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին: Հանձնաժողովը ձևավորվել էր ԱԺ-ում. հինգ անդամներից 2-ն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսն իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: Նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանը և իշխող «Իմ քայլի» քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, նրան կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) քվոտայով ընտրված անդամները:
2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում