Սերժ Սարգսյանի հրաժարականի գինը. Մաս 2-րդ

Մոսուլի քարյուղն ավելի թանկ արժեցավ, քան հայերիս արյունը:

Գարեգին Նժդեհ

Մաս 1–ինը՝ այստեղ․

Արդի ինտեգրացիոն գործընթացներում արցախյան հիմնախնդիրն ավելորդ գլխացավանք է, ուստիև աշխարհի ուժեղները բավականաչափ ջանքեր են գործադրում այն արագ լուծելու համար: Նման հապճեպ լուծումը կարող է չբավարարել հայկական կողմի շահերը, քանզի  միամտություն է կարծել, որ այս անգամ հայերիս արյունը կարող է ավելի թանկ արժենալ: 100 տարի անց, Մոսուլի քարյուղին փոխարինում է Բաքվի նավթն ու գազը, որոնք էլ իրենց էական դերն ունեն Արևմուտքի էներգետիկ անկախության համար:

Ենթադրելի է, որ հենց այս համատեքստում էր 2018թ. ապրիլից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանին առաջարկ է արվել՝ նախապես զիջել ազատագրված 5 շրջաններ, ինչը մերժվել է իր կողմից: Բնականաբար, ՀՀ 3-րդ նախագահի կողմից նման կտրուկ հրաժարականը կարող էր ունենալ իր գինը: Ենթադրելի է, որ նման գին կարող էր լինել գունավոր հեղաշրջումը:

Ապրիլյան պատերազմից հետո, 2016թ.-ի հուլիսին սորոսական «Սասնա ծռերը» ձեռնարկեցին իրենց հայտնի արկածախնդրությունը: Պետք է հատուկ մատնանշել, որ ծռիստների բարձրաձայնած «փափագը» 800 հեկտարը ետ վերադարձնելն էր: Ժիրայր Սէֆիլյանը պնդում էր, որ ինքը երաշխավորում է այդ դիրքերի վերադարձը: Հասկանալի է, որ յուրաքանչյուր անհեռատես գործողություն հայկական կողմից  շփման գծում ադրբեջանցիներին կտար նոր ռազմական բախման և բանակցությունները կրկին  շեղելու հնարավորություն: Ըստ գործողության բեմադրիչների` դրան նախորդելու էր ծռիստների զոհաբերությունը նույն ՊՊԾ գնդում, դրա գրոհի ժամանակ:

Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը երաշխավորել, որ նրանց դիերը չէին պտտվի երևանյան փողոցներում, և չէին հնչի ապստամբության կոչեր` գնդում առկա զինամթերքի գործադրմամբ: Արյունալի բախումների ֆոնին, բնականաբար, ադրբեջանական կողմին ավելի դյուրին կլիներ հասնել իր նպատակներին: Հակառակորդի պլանները ձախողվեցին միայն իշխանությունների խոհեմության շնորհիվ, քանի որ ահաբեկիչները մնացին անվնաս: Թերևս, նմանատիպ սցենար է խաղարկվել նաև 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին, երբ պետական հեղաշրջումը և Ռոբերտ Քոչարյանի հեռացումը չստացվեց զուտ այն պատճառով, որ ահաբեկչական խմբակը կենդանի մնաց:

Յուրաքանչյուրն իրավունք ունի կասկածել, որ 2016թ.-ի հուլիսյան ահաբեկման գերնպատակը 1994թ.-ի զինադադարի պայմանավորվածության վերանայման և նոր համաձայնագրի կնքման հնարավորության ընձեռումն էր ադրբեջանական կողմին: Կա՞ մարդ, ով կարող է երաշխավորել, որ ալիևյան ընտանիքի մերձավորագույն ընկեր Ջորջ Սորոսը ներգրավված չէ ադրբեջանական շահերի սպասարկման գործընթացում: Որևէ մեկը երաշխիքներ ունի՞, որ Սորոսի գրասենյակը մեր երկիր բերած և ծռերի հոգեհայրեր հանդիսացող գործիչները կարող են չկատարել իրենց անմիջական ղեկավարի իրենց իջեցված ադրբեջանահաճո հրահանգները:

Անմտություն է կարծել նաև, թե ներկա իշխանությունների սորոսական թևը զուտ իդեալիստական նկատառումներից է սատարել նրանց 2018թ.-ի հեղաշրջման կազմակերպման գործում: Հենց Արցախով պայմանավորված աշխարհաքաղաքական շեշտադրումներից և ալիևյան կլանի հետ ունեցած սերտ հարաբերություններից ելնելով է Ջորջ Սորոսն իր ծանրակշիռ ներդրումն ունեցել 2018թ.-ի ապրիլյան գործընթացներում: Տվյալ ջիղը հետևողականորեն տեսանելի է հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան դրսևորումներում, ում շնորհիվ` Ադրբեջանն ու միջազգային հանրությունը հայտնվել են՝ նույն, իսկ Հայաստանը՝ ապակառուցողական դաշտում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», դրանով կասկածի տակ դնելով Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը: Եվ սա՝ այն դեպքում, երբ ապրիլյանի ամբողջ գերնպատակը հակառակորդի համար եղել է Սերժ Սարգսյանի պնդմամբ. «չեզոքացնել Արցախի հակամարտության կողմ լինելը 1994թ.-ի եռակողմ զինադադարով»: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ ապրիլյանի հերոսներն ընկել են հանուն ոչնչի, խաղաղության կոչով դիմեց ադրբեջանական մայրերին, և սա՝ կրկին այն դեպքում, երբ, ըստ ՀՀ 3-րդ նախագահի՝ «պատերազմից խուսափելու մեկ ճանապարհ կա` գնալ միակողմանի զիջումների, ինչն անընդունելի է մեզ համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերի` դրանով իսկ ՀՀ-ն դարձնելով հակամարտության կողմ: Եվ սա՝ այն դեպքում, երբ նման մոտեցումը հակասում է հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, իսկ Ադրբեջանին երբեք չի հաջողվել կորզել նման դիրքորոշում ՀՀ որևէ ղեկավարից:

Միգուցե հենց այս համատեքստում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումը, ըստ որի՝ «ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում: Չորս տարի է՝ ստեղծվում են միֆեր բահերով կռվող զինվորների մասին… սա ուղղակի ամոթ է»:

Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցությունները սկսել իրեն թողնված կետից, այսինքն՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից, որով կապված են Ալիևի ձեռքերը: Ստացվում է, որ մերժելով նախկին իշխանությունների ժառանգությունը, ներկա վարչախումբն ազատում է Իլհամ Ալիևին իր վրա ծանրացած ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից: Բնական է, որ նման սցենարի շահագրգիռ ներհայաստանյան ուժերը պիտի ջանան ապրիլյան պատերազմը ներկայացնել՝ որպես պարտություն, միմյանցից տարանջատել պատերազմն ու քաղաքականությունը, և արդյունքում՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների զրոյացմամբ արձակել Ադրբեջանի ձեռքերը: Դրանով Ալիևին տրվում է նոր պատերազմ սկսելու և նոր զինադադարի կնքման հնարավորություն, բայց արդեն ադրբեջանական պայմաններով:

Նիկոլ Փաշինյանի համար եկել է սթափվելու ժամանակը, քանզի լայնամասշտաբ ակնկալվող պատերազմը երևանյան փողոցներ փակել չէ, իսկ պատերազմի բոլոր հետևանքները ծանրանալու են անձամբ նրա ուսերին: Անկախ 2018թ.-ի ապրիլյան իրադարձությունների ետնաբեմային պայմանավորվածություններից` ՀՀ վարչապետ հանդիսացող անձը միշտ կարող է հենվելով հասարակության առողջ ուժերի վրա` չեզոքացնել իրեն նախապայմաններ առաջադրած ուժերին: Այնուհանդերձ, ժամանակը չի սպասում, և պետք է հնարավորինս արագ օգտվել այդ հնարավորությունից:

Իսկ մինչ այդ կարիք կա Նիկոլ Փաշինյանին հղել երկու հարց.

1. Ովքե՞ր դրդեցին իրեն գնալ վերելակային պայմանավորվածությունների:

2. Արցախի համար պատրա՞ստ է արդյոք ինքը վճարել նույն գինը:

Լևոն Նազարյան

ՀՀԿ ԵԿ անդամ
Հայկ Ասատրյան ակումբի համահիմնադիր

Տեսանյութեր

Լրահոս