Լրացավ «Պատվո բլուր» հուշահամալիրի հիմնադրման 10 տարին. նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ դրվեց

Ուղիղ 10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված  «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հուշահամալիրի պահպանությունը  պետական հոգածության ներքո է:

«Բացման արարողությունը շատ մեծ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ մասնակցում էին երկու երկրների նախագահները: Միջազգային հնչողության իրադարձություն էր, կազմակերպվեց նաև ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցը, որի ընթացքում կնքվեց նաև հայ-ռուսական նոր համագործակցության ռազմական պայմանագիր, ըստ այդմ՝ մինչև հիմա 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր: «Պատվո բլուր»-ը չէր կարող վերականգնվել, կյանքի կոչվել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը, և հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի դերն ու կարևորությունն ամենաբարձրն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հուշահամալիրի բացման նախաձեռնության հեղինակներից Անդրանիկ Նիկողոսյանը:

Միայն «Պատվո բլուր»-ում, ըստ Անդրանիկ Նիկողոսյանի, ռուսական բանակի 10.000-ից ավելի գեներալների, զինվորների, ռազմական բժիշկների գերեզմաններ են:

«Ի դեպ, պատրաստվում ենք հրապարակել բոլոր  ռուս գեներալների, զինվորների անունների ցուցակը: Իհարկե, գնալով ամրապնդվում են հայ-ռուսական հարաբերությունները, և դրանք ոչ թե խոսելով, այլ գործելով պետք է ապացուցել»,- նշել էր նա:

Այսօր լրացավ հուշահամալիրի բացման 10 տարին, և թեպետ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ տոնական միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները սահմանափակ էին, այդ թվում՝ նաև այցեր կատարելու տեսանկյունից, սակայն հիշարժան օրը մոռացության չմատնվեց:

Գյումրիում այսօր «Պատվո բլուր» հուշահամալիրին իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, իսկ կուսակցության ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ում ավանդն անուրանալի է հուշահամալիրի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու հարցում, ծաղկեպսակ դրվեց՝ ի նշան հիշարժան իրադարձության:

Հիշեցնենք նաև, որ հուշահամալիրի վերակառուցումը կյանքի է կոչվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մտահղացմամբ և Ուլյանովսկի և Շիրակի մարզերի համագործակցության արդյունքում:

ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս