Բաժիններ՝

«Մետրոյի Աջափնյակ կայարանի համար կծախսվի մինչև 50 մլն դոլար». Հակոբ Կարապետյան

Քաղաքային իշխանությունն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս արագ, ինչքան որ թույլ են տալիս պրոցեսները, իրականացնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման պրոյեկտը, և դա քաղաքի զարգացման հեռանկարի մեջ է, ոչ թե ինչ-որ պայմաններ պետք է լինեն, կամ սպասենք, մինչև ՀՆԱ-ն աճի այսքան տոկոսով, և այլն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Նախկինում ես էլ, որպես լրագրող, նախկին քաղաքապետերից մեկին առիթ ունեցա հարցնելու մետրոյի զարգացման մասին, քաղաքապետն ասաց՝ մենք այդպիսի հարց չենք քննարկում, որովհետև այդպիսի միջոցներ չունենք, հաջորդ քաղաքապետն ասաց՝ մետրոյի զարգացումը տրանսպորտի զարգացման ռազմավարության մեջ չի մտնում այլ հանգամանքների բերումով: Հիմա քաղաքապետը հայտարարում է, որ մետրոն պետք է զարգանա: Մետրոն նախ պետք է զարգանա, որովհետև դա հարմարավետ, էկոլոգիապես մաքուր և տարբեր առումներով ձեռնտու տրանսպորտ է, բացի դրանից, մետրոն պետք է զարգանա, որովհետև եղած ցանցը, այսպես թե այնպես, ինքն իրեն պետք է պահի, այսինքն՝ եղած ցանցը կամ պետք է կոնսերվացնես, փակես, գնաս տուն, որովհետև ինքը շահաբեր չէ, և ծախսերը գնալով մեծանում են: Պետք է զարգացնել մետրոյի ցանցը և դա դարձնել ավելի արդիական ու հարմարավետ»,- ասաց Կարապետյանը:

Հարցին, թե նախկինում շրջանառվում էր, որ մետրոյի նոր կայարանում կկառուցվի նաև առևտրի ցանց, արդյոք դա շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ, Կարապետյանը պատասխանեց.

«Այդ դետալները, կարծում եմ, դեռ քննարկման կարիք ունեն, համենայնդեպս, նախատեսվում է, որ այնտեղ ինչ-որ ինֆրաստրուկտուրա պետք է զարգանա, չի բացառվում նաև, որ ինչ-որ կառավարական շինություններ, կառավարական համալիրներ լինեն, բայց դրանք բոլորը քննարկման փուլում են»,- ասաց մամուլի խոսնակը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու է կառավարությունը, չնայած որ նախկինում դրանով հետաքրքրված արտասահմանյան խոշոր ընկերություն կար: Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է հատկացվելու մետրոյի նոր կայարանի կառուցման համար՝ հիշեցնելով, որ նախկինում շրջանառվում էին 100 միլիոն դոլարի մասին լուրերը:

«Մենք նշում էինք 100-150 միլիոն, դա մինչև մեր գալը՝ գործող քաղաքային իշխանության պաշտոնավարումը եղած մասնագիտական տարբեր հաշվարկներով, բայց քանի որ այս ամիսների ընթացքում նաև նոր կոնցեպցիա բերվեց, որը ենթադրում է ոչ թե սովետական նախագիծը՝ կամուրջ, հետո կայարան Հրազդանի կիրճի աջ ափին, այս նոր մշակված կոնցեպցիան ենթադրում է կամուրջ, և այդ կամուրջի վրա՝ կայարան: Դա էականորեն ծախսը կրճատեց և ներկայիս խիստ մոտավոր հաշվարկներով մինչև 50 միլիոն դոլարի շրջանակներում է»,- փոխանցեց Հակոբ Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս