«Մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, և թշնամին ընկրկեց». Սերժ Սարգսյան
«Ապրիլյան ռազմական գործողությունների սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում՝ ԱՄՆ-ից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին: Այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը»,- այսօր ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսինքն՝ ի՞նչ հրամանի մասին է խոսքը: Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ՝ գործողության մեջ դրեք այդ պլանը. Այդ պլանն արդեն գործողության մեջ էր: Եվ, ի պատիվ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի, կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են: Այսինքն՝ միջոցառումների պլանը ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ գործողության մեջ են դրանք դրվել, և, իհարկե, ռազմական գործողությունների սկիզբն անակնկալ էր: Միշտ այդպես է լինում: Ցանկացած վատ բանի սպասելիս՝ նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում, անակնկալ է լինում: Իսկ ԶՈՒ-ում կոնկրետ այդ պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք չենք կարող ամեն օր մեր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակությամբ պաշտպանության համար զինվորներ ունենալ (պաշտպանության համար եմ ասում, ոչ թե՝ պահպանության): Ի վերջո, այդ զինվորները պետք է հանգստանան, պետք է մարտական պատրաստությամբ զբաղվեն, և այլ հանգամանքներ էլ կան: Բայց մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, և թշնամին ընկրկեց. Ընկրկեց բառի բուն իմաստով: Այնպես որ, որևէ ուղիղ հրաման՝ պաշտպանվելու, նույնիսկ ծիծաղելի է, որ չի եղել. նման բան չէր կարող լինել»,- ընդգծեց Երրորդ նախագահը: