«Տուպիկային իրավիճակում ենք, արդյոք գրագողությունը Հայաստանում գիտական միջավայրում պատժելի՞ երևույթ է, թե՞ ոչ». Սմբատ Գոգյան
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԿԳՄՍՆ-ի կողմից ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը վերականգնելու փաստին: Վերջինը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից զրկվել էր ԲՈԿ նախագահի 17.07.2020 թ. հրամանով, քանի որ կոմիտեն Գալոյանի ատենախոսությունը համարել էր անվավեր՝ նշելով, որ դրա մեջ առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ կան: ԲՈԿ նախագահը պնդում է, որ իրենց որոշման բեկանումով դեռ ամեն ինչ չի ավարտվում:
«Որոշումը հնարավոր է վիճարկել դատական կարգով, մենք նույնիսկ կհետաքրքրվենք, թե հնարավո՞ր է Կառավարությանը բողոքարկել այս որոշումը, որովհետև մեր կարծիքով՝ այն շատ սխալ է և խոցելի»,- ասաց Գոգյանը:
Ֆեյսբուքյան հարթակում ԲՈԿ նախագահին հարցեր էին ուղղել օգտատերերը: Հարցերից մեկին, թե արդյոք ԲՈԿ-ի գործունեության մա՞ս է կազմում անհատական պիտակավորումներ շնորհելն անհատներին՝ անկախ պիտակավորման արդարացի կամ անարդարացի լինելուց, Գոգյանը պատասխանեց.
«Ես՝ որպես գիտնական, կարող եմ ասել, որ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց ես երբևէ ինձ թույլ չեմ տվել դա մեկնաբանել, որովհետև դա զուտ իմ անձնական կարծիքն է, և այդ մարդիկ, որոնք հիմա գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք, փաստացի նորմալ գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործունեության տիրույթից դուրս է նրանց գնահատականներ տալը, ես համբերատարորեն լռում եմ և հույս ունեմ, որ նրանց փոխարեն՝ կգան իսկական վարչարար և ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք կկարողանան բուհական համակարգը հանել այս իրավիճակից: Ինչ վերաբերում է գրագողությանը, ապա գրագողության դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է, որովհետև եթե մենք թողնում ենք, որ գիտական կառույցներում լինեն գրագող ղեկավարներ, ապա ինչպե՞ս կարող է ԲՈԿ-ը բեկանել ատենախոսություններ, որոնց մեջ կա գրագողություն: Մինչդեռ մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը, և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական և՛ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Գագիկ Գալստյանի, և՛ Դիանա Գալոյանի դեպքում»:
ԲՈԿ նախագահը պատմեց մի պատմություն, որ այն ժամանակ դեռ ԿԳՆ բաժնի պետերից մեկը՝ Աիդա Տիգրանյանը, դոկտորական ատենախոսություն էր գրել, որի հաստատումից առաջ ԲՈԿ-ն այն ուսումնասիրել է, գտել 25 էջ արտագրություն և մերժել գիտական աստիճան տալ: Տիգրանյանը ԿԳ նախարարություն վարչական բողոք էր գրել, հանձնաժողով էր ստեղծվել, ասել էին՝ 60 էջ արտագրություն կա, սակայն նախարարությունը որոշել էր բավարարել իր աշխատակցի բողոքը, և ԲՈԿ-ին հանձնարարվել էր նոր վարչական որոշում կայացնել, կրկին մերժել էին: Այդպես՝ 4-5 անգամ:
«Տուպիկային իրավիճակում ենք, արդյոք գրագողությունը Հայաստանում գիտական միջավայրում պատժելի՞ երևույթ է, թե՞ ոչ»,- հռետորական հարց հնչեցրեց Սմբատ Գոգյանը: