«Ամեն վայրկյան, որ կարող ա ստեղ էլ ասեն՝ «չի կարելի», էդ ռիսկը կա». Հայկ Բաղդասարյանը՝ գյուղմթերքի նոր տոնավաճառի մասին

«Հնարավորության սահմաններում անցած շաբաթվանից սկսած տեղեկացման պրոցեսը, ինչքան հնարավորություն եղել ա, արել ենք: Էկոնոմիկայի նախարարությունն էլ, իր մասով, էլի նույնիսկ էդ հարցում էլ ա աջակցել, օժանդակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն Հրազդան տոնավաճառի հարակից տարածքում գործող գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը 168.am-ին ասել էր, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացրել  է այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում՝ նշելով, թե թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն: Ի վերջո, համաձայնություն էր հաստատվել, ու տոնավաճառն արդեն երկու շաբաթ է՝ ոչ աշխատանքային օրերին գործում է Հրազդան տոնավաճառի տարածքում:

Էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիներին տրամադրել է գույք, որպեսզի կարողանան իրացնել իրենց ապրանքը: Այդուհանդերձ, մեկ խնդիր դեռևս մատնանշում է Հայկ Բաղդասարյանը:

«Ուղղակի ստեղ խնդիրը մենակ էն էր, որ էլի սա գոնե լինի երկարաժամկետ, որ մյուս տարի կամ տարվա վերջում էս խնդրին չբախվենք, նորից  ստեղ, չգիտեմ, շինարարություն սկսվի կամ չգիտեմ ինչ: Եթե տրամադրել են մեզ, թող դա լինի օրինական, դա լինի հուշագրով կամ պայմանագրի տեսքով:

Նենց չստացվի՝ 2 ամիս հետո մեկ էլ սենց խնդիր ստեղ առաջանա: Եթե սա արվում ա, պտի լինի երկարաժամկետ, որ մենք կարանանք կայացնենք տոնավաճառը: Խաղուպար չի: Ինքը ընդունեց, հասկացավ, պատրաստակամություն հայտնեց, բայց մինչև էս պահը դեռ չկա էդ պայմանագիր-հուշագիրը, որ էս տարածքը մեզ տրամադրվում ա: Այսինքն՝ վայրկյան, որ կարող ա ստեղ էլ ասեն՝ «չի կարելի», էդ ռիսկը կա: Ամեն դեպքում հլը չի լուծվել էս հարցը»,- ասաց Հ. Բաղդասարյանը:

Տոնավաճառի ղեկավարի խոսքով՝ մարդիկ տեղեկացված են մասամբ, ու հույս ունեն, թե առաջիկա շաբաթներում առավել շատ հաճախորդներ կունենան:

Այս անգամ նաև փորձել են այնպես անել, որ «գյուղացու» անվան տակ տոնավաճառում չհայտնվեն վերավաճառողները:

«Այստեղ գյուղացին, որ գալիս ա, գալիս ա տեղեկանքներով: Տեղեկանքները տրամադրում ա Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը՝ մարզային կառույցները: Իրանք զուգահեռ համայնքապետարանից տեղեկանք են տանում մշակաբույսերի վերաբերյալ և մշակվող հողի չափի հետ կապված: Տեղեկանքը ներկայացնում են էկոնոմիկայի մարզային բաժինները: Մարզային բաժինները, իրենց մասնագետները ստուգելով էդ ամեն ինչը՝ տարվա կտրվածքով կազմում են բեյջեր, անձնագրեր: Իսկ տեղեկանքը տրվում է ամեն շաբաթ: Տվյալ շաբաթվա բերածը պետք է համապատասխանի էդ երկու տեղեկանքների հետ՝ համայնքապետարանից, մեկ էլ նախարարության ստուգելուց հետո տրված տեղեկանքին, համապատասխանում ա, նոր թույլատրում ենք: Եթե տեղեկանքի մեջ չեղավ էդ ապրանքը, մենք ստեղ թույլ չենք տալիս էդ մարդուն, առավել ևս, եթե էդ մարդը ցուցակների մեջ չեղավ, ինքը ստեղ անելու բան չունի:

Էս ա մեր առաջին պայմանը, որ մեզ չխառնեն, մեր արանքներում չթողենք լինեն վերավաճառողներ, որ մեզ էլ էդ աչքով նայեն»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ նշելով, թե հույս ունեն, որ պատկան մարմինները կանեն ամենը, որ տոնավաճառի հարակից տարածքում փողոցային առևտրով զբաղվողներին չվերագրեն իրենց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս