«Մի շարք թեկնածուներ են դիտարկվում, կարծում եմ՝ որոշումը շուտով կլինի». վարչապետի խոսնակը՝ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին

Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 30-ին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց և անմիջապես նշանակվեց Շրջակա  միջավայրի նախարարի պաշտոնում:

Կոտայքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել՝ փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Առնակ Ավետիսյանը:

Ռոմանոս Պետրոսյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո, 168.am-ը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել էր, թե այդ պաշտոնում ե՞րբ նոր նշանակում կկատարվի, արդյոք քննարկվե՞լ է հնարավոր թեկնածուների հարցը, ինչին Գևորգյանը պատասխանել էր, որ մոտ օրերս նշանակումը կկատարվի:

Երկու շաբաթ է անցել, բայց Կոտայքի մարզպետի պաշտոնում դեռ նշանակում չի կատարվել: Այսօր կրկին վարչապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է նոր մարզպետի նշանակման հարցը.

«Քննարկվում է այդ հարցը, կարծում եմ, որ շուտով կլինի որոշումը, մի շարք թեկնածուներ են դիտարկվում»:

168.am-ը Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մարզպետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ իր հետ քննարկում եղե՞լ է, կամ նման առաջարկ արվե՞լ  է:

«Ճիշտն ասած, նման խոսակցություն չի եղել, ես այդ հարցով քննարկման  մասնակից չեմ եղել: Հիմա կատարում եմ մարզպետի պարտականությունները, ամբողջ ժամանակս ուղղում դրան, իսկ թեկնածության և այլնի մասով՝ իմ տիրույթից դուրս է, առանձնապես չի հետաքրքրել, որոշումը կառավարությունը կկայացնի»:

Տեսանյութեր

Լրահոս