«Բա խի՞ մեր տան դեմը ասֆալտ չեն անում». սևանցի փոքրիկ տղան՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր Սևան քաղաքում մասնակցում էր քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը:
Կենտրոնում շրջելուց հետո, երբ արդեն դուրս եկել տարածքից, վարչապետին վազելով մոտեցավ սևանցի փոքրիկ տղան և նախ խնդրեց լուսանկարվել:
Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցուփորձ արեց՝ ո՞ր դասարանում է սովորում, և այլն, հարցերին պատասխանելուց հետո երկրորդ դասարանցի տղան դիմելով վարչապետին՝ ինքը հարց տվեց.
«Բա խի՞ մեր տան դեմը ասֆալտ չեն անում»:
Փաշինյանը ծիծաղեց, ապա դիմեց Սևանի քաղաքապետին. «Հարց է տալիս՝ պատասխանեք»:
Վարչապետը Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հետ մոտեցավ երեխայի մորը, հետաքրքրվեց, թե ո՞րն է իրենց փողոցը: Այնուհետև քաղաքապետը հայտնեց, որ այնտեղ ևս սկսել են շինարարական աշխատանքները և ամենաուշը մինչև տարեվերջ ասֆալտապատումը կավարտեն:
Հետո էլ Նիկոլ Փաշինյանը հավաքված փոքրիկներին քաղցրավենիք բաժանեց, իսկ մեծերին հորդորեց սոցիալական հեռավորություն պահպանել: