Երևա՞ն, թե՞ Բաքու․ ո՞ւմ է ընտրելու Մոսկվան

Ռուսական փորձագիտական հանրությունն անհանգստացած է Բաքվի թուրքական աննախադեպ ռևերանսներով։ Երկու թուրքական պետությունների մտերմությունն անակնկալ չի եղել Մոսկվայի համար, սակայն Բաքուն մշտապես առանձնակի հարգանքով է վերաբերվել Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին, իսկ հուլիսյան մարտերը բացահայտեցին այլ որակի թուրք-ադրբեջանական համագործակցություն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ, ինչը նույնիսկ որոշ վերլուծաբանների թույլ է տալիս պնդումներ անել, որ Էրդողանն Ալիևի թիվ մեկ գործընկերն է դառնում։ Նման կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր վերջին հոդվածում։

Ըստ նրա՝ ժամանակն է, որ Մոսկվան ևս վերանայի իր ռազմավարական կապերն Անդրկովկասում։ Տարասովի կարծիքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Բաքվի նման «որոշումը», հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի հետ նման սերտ հարաբերությունների մեջ գտնվելն այսօր այնքան էլ ձեռնտու չպետք է լիներ Ադրբեջանին Թուրքիա-Արևմուտք, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-հարևաններ խնդիրների պատճառով։

Նրա գնահատմամբ, միջազգային իրադրությունն ամենևին էլ երկու թուրքական պետությունների օգտին չէ։ «Էրդողանը հետզհետե անջատվում է Արևմուտքից և իր հետ քաշում Ալիևին, բայց Մոսկվայի հետ ևս Անկարան ու Բաքուն խնդիրներ կունենան»,- նշում է Տարասովը՝ հավելելով, որ Մոսկվային վաղուց հարկավոր է դուրս գալ Անդրկովկասում ռազմավարական լեթարգիայից, և բոլորի համար գալիս է լուրջ պատմական ընտրության պահը։

Նշենք, որ չնայած թուրք-ադրբեջանական այս խորացող հարաբերություններին, օրերս՝ հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո առաջին անգամ, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում ադրբեջանահայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, և ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:

Զրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարին` կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Ավելին, ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցը նախաձեռնվել է հենց այդ հարցը քննարկելու նպատակով։

Ըստ այդ հաղորդագրության՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։

«Մատակարարումներն իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը չի փոխելու իր քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ անկախ այն հանգամանքից, որ ներկայումս նկատվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր մակարդակ և խորություն։

Ըստ նրա, դա ինչ-որ տեղ ուղղված է Մոսկվային, քանի որ կա սխալ ընկալում, որ Մոսկվան կարող է լուծել հակամարտությունը և չի անում։ Ուստի, Ֆելգենգաուերի կարծիքով, այս նոր թուրք-ադրբեջանական միտումները նպատակ ունեն Մոսկվայի նկատմամբ ճնշումներ բանեցնել և ցույց տալ, որ Ադրբեջանը կատարել է իր արտաքին քաղաքական ընտրությունը, և Մոսկվան ինչ որ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանին «ետ վերադարձնելու» համար։

«Հիշենք նաև Էրդողան-Պուտին հեռախոսազրույցները, որոնց նպատակը ևս այս կոնտեքստում է տեղավորվում։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը ևս ապացուցում է իմ այս պնդումները, և դրանում ռազմամթերքի մատակարարման թեմային կարող էր փոխարինել ցանկացած այլ թեմա։ Դրանում ներառված էր դժգոհություն և չկար խոսք այլ թեմաների մասին, իսկ հասկանալի է, որ այլ թեմաներ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ քննարկվել են։ Իսկ Մոսկվայի քաղաքականությունն ավելի հավասարակշռված ու ապագային միտված է, Մոսկվան իրավիճակային որոշումներ չի կայացնում, քանի որ, ինչպես միշտ նշել եմ, Մոսկվային պետք չեն տարածաշրջանի առանձին երկրները և նրանց հետ սերտ հարաբերություններ: Մոսկվան ձգտում է ազդեցության ողջ տարածաշրջանում բոլոր երկրների նկատմամբ, ուստի, չեմ կարծում, որ Մոսկվան ընտրություն կկատարի որևէ երկրի օգտին։ Այդ քաղաքականությունից հրաժարվելու միտումներ դեռ չեմ տեսնում։ Բնականաբար, Ռուսաստանում հետևում են բոլոր զարգացումներին, իրավիճակին կարգավորման գործընթացում և փորձերին՝ հակամարտության գոտի ներքաշել ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիային, ինչը ՆԱՏՕ-ին և ՀԱՊԿ-ին դնում է մեկ հակամարտության մեջ դեմ առ դեմ։ Սակայն, կարծում եմ, որ Մոսկվան հապճեպ որոշումներ չի կայացնի, հատկապես տեսնում ենք, որ աշխարհում իրավիճակն այնքան էլ պասիվ չէ, թեև համավարակ է։

Ըստ իս, Մոսկվան կշարունակի հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հստակություն կմտցնի այն իրավիճակներում, որոնք իր համար նպաստավոր չեն։

Սակայն, ընդհանուր առմամբ, Մոսկվան հանգիստ է, քանի որ Ադրբեջանին հարկավոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Կարծում եմ՝ Մոսկվա-Բաքու շփումներն իրականում այնպես չեն, ինչպես ներկայացվում են։ Դրանք այնպես են, ինչպես նախկինում, սակայն տավուշյան դեպքերից հետո կարծես ցանկություն կա ազդել Մոսկվայի չեզոքության վրա, և հարց է, թե արդյո՞ք դա բխում է Մոսկվայի շահերից»,- նշեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս