«Աստված մի արասցե, մի օր շենքը փուլ է գալու մարդկանց գլխին՝ լինենք խայտառակ». Մարկոս Հարությունյանը՝ Վարդաշենի հանրակացարանների մասին

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որը զգացվել էր նաև Հայաստանում՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևանում։

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանի բնակիչները 168.am-ին պատմեցին, որ ցնցումները նաև իրենց շենքերում են զգացել և այնպես, որ ստիպված դրսում են լուսացրել:

«Ես արթուն էի, սկզբում ինձ թված, թե գլուխս է պտտվում, բայց հետո շխկշխկոց եղավ, շներն էլ ղժալով ոռնում էին: Առավոտյան շտապօգնություն եմ կանչել, մինչև հիմա շոկի մեջ եմ»,- ասաց շենքի բնակիչներից մեկը:

Նրանց խոսքով՝ 2 շենքերն էլ վթարային են, վերջերս 4-րդ կարգ են տվել, սակայն քաղաքապետարանում չեն հաստատում.

«Մեզ 4-րդ կարգ են տվել, բայց տեղյակ չենք եղել: Հիմա 4-րդ կարգը, չգիտես ինչ պատճառներով, չեն հաստատում, բայց մենք կպայքարենք, որովհետև Հայաստանի համար այս մի անզգալի ցնցումը մեզ համար շատ զգալի եղավ՝ ամբողջ ժողովուրդը շենքից դուրս էր թափվել: Ինչի՞ն է սպասում մեր քաղաքապետը, որ այստեղ զոհեր լինե՞ն: Մենք մինչև վերջ կգնանք, քանի որ չենք ուզում զոհեր ունենանք, բավական է, հայ ժողովուրդը տեղից մի բուռ է մնացել: Մեր երեխեքից մեկին մի բան եղավ, մեր ձեռքից չեն պրծնի: Հրամայում ենք, որ մեզ այս շենքից դուրս հանեն, ամբողջ գիշեր մարդիկ դրսում են քնել, երեխեքին վերցրել՝ փախել ենք դուրս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը:

168.amԵրևանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց, սակայն մեզ պատասխանեցին, որ այս թեմայի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել:

Կապ հաստատեցինք Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հետ, որը մի քանի անգամ եղել է այդ հանրակացարաններում և խնդրին տեղյակ է:

«Ժողովուրդը սխալ է հասկացել, քաղաքապետարանն ուղարկել է սեյսմիկ արդյունքների, որ եզրակացություն տան, եկել է 4-րդ կարգ, բայց շենքը Պետգույքի կոմիտեի հաշվին է նստած, ոչ թե քաղաքապետարանի, Պետգույքի կոմիտեից ասում են՝ 3-րդ կարգ է, ոչ մի 4-րդ կարգ: Հիմա մենք էլ ասում ենք՝ կապ չունի, թե ում հաշվին է նստած, Երևանի շենք է, երևանցիներ են, մարդիկ ձեզ են ընտրել, այսօր աղետալի վիճակում են: Հիմա էլ գույքահարկ են թանկացնում, ինչի՞ հաշվին, եթե այս մարդկանց նմանատիպ խնդիրները չպետք է լուծենք: Սեպտեմբերի 8-ին ավագանու նիստ է լինելու, խոսելու ենք, որ քաղաքապետարանը պարտավորությունը վերցնի իր վրա, այդ մարդկանց գոնե 2021 թվի բյուջեով գումար նախատեսի, շենք կառուցի, որ այդ մարդիկ տուն ստանան»,- ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Մեր դիտարկմանը, որ երկրաշարժի հետևանքով նախորդ գիշեր ցնցումներ են եղել նաև նշված շենքերում, և բնակիչները վախից գիշերը լուսացրել են դրսում, Մարկոս Հարությունյանն ասաց.

«Երկրաշարժ էլ չի լինում, այնտեղ միշտ ցնցումներ լինում է, շենքի վիճակը շատ աղետալի է, Աստված մի արասցե, մի օր շենքը փուլ է գալու այդ մարդկանց գլխին՝ լինենք խայտառակ»:

Տեսանյութեր

Լրահոս