Հունական և թուրքական ֆրեգատները միմյանց են բախվել Միջերկրական ծովում
Հունական Limnos ֆրեգատը եւ թուրքական Barbaros դասի Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել են իրար» Արեւելյան Միջերկրականում խուսավարման ժամանակ, սակայն Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը չի հավաստում, հաղորդում է Armyvoice.gr պորտալը, որը մասնագիտացած է ռազմական թեմատիկայի բնագավառում։
Պորտալի տեղեկություններով՝ իրազեկ աղբյուրը հայտնել է, որ երկու նավերն օգոստոսի 12-ին «կպել են իրար», ինչը պարտադիր չի նշանակում, թե դրանք բախվել են: Ինչպես նշում է հրատարակությունը, նման բան կարող է տեղի ունենալ շատ փոքր տարածությունում, օրինակ՝ վիճելի շրջանում խուսավարելիս, որտեղ գտնվում էր թուրքական Oruc Reis հետազոտական նավը, եւ որտեղ երկու երկրների ռազմանվերի մեծ կուտակում է եղել: Հունաստանի ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը Armyvoice.gr-ի հարցմանը պատասխանել է, թե, որքան իրեն հայտնի է, նավերի բախում չի եղել:
Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ներկայացուցիչը պնդել է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին: Ըստ որում ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք ցանկացել են չհայտնել իրենց անունները, պորտալին հավաստել են միջադեպը, բայց ակնարկել են, որ լուռ համաձայնություն կա մեծ նշանակություն չտալու դրան: Առկա տեղեկատվության համաձայն՝ թե՛ Հունաստանը եւ թե՛ Թուրքիան, կարծես, ցանկանում են պահպանել խաղաղությունն այդ լարված իրավիճակում, եւ, հավանաբար, երկուստեք խուսափում են միջադեպից, որը կարող է ճգնաժամի անվերահսկելի մասշտաբներ ընդունել, նշում է Armyvoice.gr-ը Իր հերթին հունական Defence-point.gr մյուս պաշտպանական պորտալը պնդել է, որ Yavuz դասի թուրքական ֆրեգատը փորձել է խոյահարել հունական Limnos ֆրեգատը, որը հսկում էր Oruc Reis նավին: Այդ գործողությունները, նրա խոսքով՝ ձեռնարկվել են խոչընդոտները վերացնելու փորձի շրջանակներում, որոնք հունական նավատորմն ստեղծել է Oruc Reis-ի կողմից ապօրինի սեյսմական հետախուզման համար Կաստելորիզո կղզուց հարավ Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: