Սուբսիդավորվող վարկեր՝ այս անգամ խաղողագործներին. ընդունվեց հերթական աջակցման ծրագիրը
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը, որը վերաբերում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Նախարարը տեղեկացրեց, որ գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունները կորոնավիրուսի պատճառով վնասներ են կրել՝ պայմանավորված ներքին և արտահանման հիմնական շուկաներում առկա իրավիճակով:
«Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև վաճառքների ծավալների վրա: Պաշտոնապես հաստատված վիճակագրական տվյալներ ունենք, որ թե՛ արտահանման թվերի, թե՛ ներքին շուկայում արտադրանքի իրացման ծավալների ավելի քան 30 տոկոսով անկումներ են արձանագրված: Առանձին կազմակերպություններում, որոնք որոշակի որակական սեգմենտում են գործում, նույնիսկ ավելի մեծ անկումներ են արձանագրված»,- ասաց Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ սա երկու խնդիր է առաջացրել ընկերությունների համար՝ դրամական եկամուտները նվազել են, ինչի հետևանքով էլ բանկերն ավելի զգուշավոր են դարձել նրանց վարկեր տրամադրելու առումով: Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, ինչի մթերման համար ընկերությունները բավարար ֆինանսական միջոցներ չեն ունենա: Մթերումը կազմակերպելու և առաջացած մնացած խնդիրներին լուծում տալու համար Կառավարությունն ընդունեց նախարարի՝ ընկերություններին սուբսիդավորվող վարկեր տրամադրելու առաջարկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում