Բնակարանների գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի՝ «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի շահառու ճանաչված այն ընտանիքները, որոնք չեն հասցրել բնակարանատերեր դառնալ, ունեն լրացուցիչ ժամանակ վկայագրերն իրացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
«Հաշվի առնելով համավարակի պայմաններում առաջացած դժվարությունները՝ կառավարությունը որոշում է կայացրել բնակարանների գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ քաղաքացիները դեռ 3 ամիս ժամանակ ունեն վկայագրի շրջանակներում բնակարան գնելու»,- նշեց Ալբերտ Մարգարյանը։
Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով Շիրակի մարզի գյուղական 9 բնակավայրերի 90 ընտանիք ճանաչվել է շահառու, պայմանագրեր կնքվել են նրանցից 86-ի հետ, 56 ընտանիքների եզրակացություններ են տրամադրվել, 49-ը արդեն ձեռք են բերել բնակարաններ։ Սրանք այն ընտանքներն են, որոնք հրաժարվել են նոր տների կառուցման ծրագրից՝ ընտրելով վկայագրի տարբերակը: 90 ընտանիքից 4-ը վկայագիր չստացավ ՝ ներընտանեկան խնդիրների պատճառով: