ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռի»-ի` Հայաստանի առաջնությանը չմասնակցելու հայտարարությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի պատասխան «Լոռի»-ի տարածած հաղորդագրության հայտարարությամբ է հանդես եկել:
ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան «Լոռի ՖԱ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակված գրառմանը՝ տեղեկացնում ենք.
«Լոռի ՖԱ»-ն ս.թ. հուլիսի 27-ին նամակ էր ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ կրկնակի թեստավորումից հետո «Լոռի ՖԱ»-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր են հայտնաբերվել 8 ֆուտբոլիստների մոտ (ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ չենք կարող հրապարակել այդ ֆուտբոլիստների տվյալները):
Վերոնշյալ 8 ֆուտբոլիստներից միայն 3-ն ունեն գործող պայմանագրեր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ, այսինքն հանդիսանում են «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստ:
Հատկանշական է, որ, չնայած «Լոռի ՖԱ»-ն իր նամակում նշել էր 8 ֆուտբոլիստի անուն, սակայն ՀՖՖ էր ուղարկել միայն 5 ֆուտբոլիստի թեստերի պատասխանների սկանավորված տարբերակները, այն դեպքում, որ նրանցից միայն մեկն ունի գործող պայմանագիր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ:
Օգոստոսի 11-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց 2020/2021 մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցը, որի հոդված 4-ի կետ 4-ում նշվում է, որ թիմում 1-3 ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ ֆուտբոլիստները մեկուսացվում են, իսկ վարակակիրների հետ շփում ունեցած մնացած բոլոր անձինք (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ)՝ թեստավորվում: Թիմի մնացած ֆուտբոլիստների մոտ թեստավորման բացասական պատասխանների դեպքում տվյալ թիմի մասնակցությամբ առաջիկա խաղը կայանում է:
Որևէ հանդիպում կարող է հետաձգվել միմիայն 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում, ինչն ամրագրված է հոդված 4-ի կետ 5-ում:
Սա նշանակում է, որ «Լոռի ՖԱ»-ի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումը հետաձգելու պահանջը չունի իրավական որևէ հիմք:
«Լոռի ՖԱ» հայտարարության մեջ, որպես օրինակ, նշվում է, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/2020 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել դաշտի տեր ակումբի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։ Տեղեկացնում ենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Յաբլոնեց» (Չեխիա) – «Փյունիկ» հանդիպումը կայացել է 2019թ. օգոստոսի 1-ին՝ մեկնարկելով Երևանի ժամանակով 21:00-ին և ավարտվելով 23:00-ին; Դա նշանակում է, որ այդ և օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/2020 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» – «Լոռի ՖԱ» հանդիպման միջև ընկած ժամանակահատվածը կազմում էր ավելի քիչ, քան 72 ժամ, ինչն անհնար էր դարձնում այդ հանդիպման անցկացումը:
Ավելացնենք, որ նույն ժամանակահատվածում հետաձգվել էր նաև առաջին մրցափուլի «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Տեղեկացնենք նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և «Լոռի ՖԱ» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի միջև, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Լոռի ՖԱ»-ի՝ առաջին երկու տուրերի հետաձգման հարցը:
Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է Թովմաս Գրիգորյանին, որ վերոնշյալ հանդիպումը չի կարող հետաձգվել, քանի որ «Լոռի ՖԱ»-ն չի տրամադրել հանդիպումների՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետաձգման հիմքերը:
Առնվազն զարմանալի է վերոնշյալ հանդիպումից հետո կարդալ «Լոռի ՖԱ»-ի այսօրվա հրապարակումը:
Նշենք, որ «Լոռի ՖԱ»-ի խնդրանքով ՀՖՖ-ն ընդառաջել է և միայն վանաձորյան ակումբի համար հետաձգել է ֆուտբոլիստների հայտավորման ժամկետը 2020/2021 մրցաշրջանի համար՝ երկարացնելով այն մինչև օգոստոսի 11-ը, սակայն մինչ օրս «Լոռի ՖԱ»-ն չի հայտավորել գեթ մեկ ֆուտբոլիստ:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՖՖ-ն ընդառաջել է «Լոռի ՖԱ»-ին ևս մեկ հարցում՝ երկարացնելով նախորդ մրցաշրջանի ընթացքում կուտակված կարգապահական տույժերի մարման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 13-ը: «Լոռի ՖԱ»-ն միակն է բոլոր ակումբներից, որը մինչ օրս չի մարել 3.285.000 դրամի պարտքը: Շեշտենք, որ ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի համաձայն՝ առաջնությանը կարող են մասնակցել միայն մինչ մրցաշրջանի մեկնարկը բոլոր պարտքերը մարած ակումբները:
Կոչ ենք անում «Լոռի ՖԱ»-ին զերծ մնալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց. ՀՖՖ-ն մշտապես հայտնել է, որ պատրաստ է ակումբների հետ բազմակողմանի համագործակցության՝ ընդունված կանոնակարգերի, որոշումների, ուղեցույցերի շրջանակում:
Ընդգծենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացումը լրջագույն մարտահրավեր է: Առաջնությունը կարող է կայանալ միայն ՀՖՖ-ի և բոլոր ակումբների միջև լիակատար համագործակցության պարագայում»: