«Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն
Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը,
Արեւիկ Զաքարյանն ու Տաթեւիկ Սահակյանը դիմել են ինձ եւ հիմա ես էլ դիմում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քանզի գիտության, կրթության ու մնացյալի նախարարությանը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությանը դիմելը, պարզվեց, անօգուտ է։
Աղջիկները Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են, Erasmus+ ծրագրին դիմել են համալսարանի ՄՈԳ-երով եւ համալսարանը Լատվիայում սովորելու համար իրենց է ընտրել։
Այսպիսով, Արեւիկը, Տաթեւիկն ու Անգելինան ստացել են Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրով ուսանելու են Եվրոպայում ու այս օրերին արդեն պիտի մեկնեին Լատվիա՝ սեպտեմբերից սկսելու իրենց ուսումը։
Բայց մեր սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում։ Բնականաբար, չեն կարողանում նաեւ ելքի վիզա ստանալ։
«Սա մեր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է, մենք ունենք բացառիկ հնարավորություն ստանալու որակյալ կրթություն եւ պիտանի լինելու մեր հայրենիքին։ Բայց այսօր մնացել ենք «օդից կախված»»՝ ինձ գրել է Անգելինան:
Աղջիկները դիմել են Վրաստանում Լատվիայի դեսպանությանը, սակայն, նրանք հրաժարվել են վիզա տրամադրել, քանզի Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է: Դիմել են Մինսկում Լատվիայի դեսպանությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել, պարզապես իրենց ասվել է, որ այդ դեսպանությունն իրենց վիզա տրամադրելու լիազորություն չունի:
Անգելինան, Տաթեւիկն ու Արեւիկը դիմել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, եւ կրկին ոչ մի արձագանք։ Դիմել են ԿԳՄՍՆ նախարարին, էդտեղից էլ իրենց կրկին ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն։
Հարցս, պարոն վարչապետ, շատ պարզ է. վստահաբար, այս շնորհալի աղջիկները միակը չեն, որ ընդունվել են եվրոպական բուհեր եւ որպես արտակարգ դրության ռեժիմի հետեւանք՝ փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ սովորելու։
Ես շատ եմ ուզում օգնել Անգելինային, Արեւիկին, Տաթեւիկին ու մնացյալ երիտասարդներին, ովքեր ընդունվել են արտերկրի ուսումնական հաստատություններ, 20 օրից սկսվելու են դասերը, սակայն վերջիններս անգամ ելքի վիզա ստանալ չեն կարողանում մեր զմռսված սահմանների պատճառով։
Անկեղծ, շատ եմ ուզում օգնել, բայց չգիտեմ ինչպես։
Միգուցե կհուշե՞ք ինձ ինչ անեն Անգելինան, Արեւիկը, Տաթեւիկն ու արտերկրի բուհեր ընդունված մեր մյուս երիտասարդները։
Ի վերջո, մենք, որպես պետություն, ունե՞նք թե չունե՞նք պատասխանատվություն այս երիտասարդների հանդեպ։
Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք այս երիտասարդների հանդեպ»:
Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը,Արեւիկ…
Gepostet von Naira Zohrabyan am Sonntag, 9. August 2020