Արդյո՞ք Սիմոնյանի գրառումներով «խոսում է» Մոսկվան

«Կարծում եմ՝ բնականոն են և նման արձագանքները, և արձագանքների արձագանքները, և պաշտոնական դիրքորոշումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են, ամեն ինչ լուծվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և վերջերս այդ ֆոնին քննարկվող՝ ՌԴ-ում հայազգի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումների բովանդակությանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում  RT միջազգային հեռուստաալիքի ու «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը մի շարք  աղմկահարույց գրառումներով հանդես եկավ հայ-ռուսական հարաբերությունների, ՀՀ իշխանությունների վերաբերյալ, որոնք միանշանակ չընկալվեցին հայ հասարակության և որոշ շրջանակների կողմից։

Հուլիսի 18-ին Telegram-ի իր ալիքում Մարգարիտա Սիմոնյանն ուղերձ էր հղել Հայաստանի իշխանություններին: «Ի պատասխան երկարամյա բարիքի և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին… Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ»,- թվարկել է նա։

Ինչպես գրել է RT-ի գլխավոր խմբագիրը, իր դիրքորոշումը հայտնել նրան ստիպել են Հայաստանի իշխանությունների «համացանքային զորքերը»:

«Այն ամենից հետո, ինչ դուք արեցիք, Ռուսաստանն ունի լիակատար բարոյական իրավունք թքել ձեզ վրա և ջնջել»,- եզրափակել էր նա:

Այս գրառումից հետո Սիմոնյանը հրապարակել էր նաև այն գործիչների ցուցակը, որոնք միացել էին իր դիրքորոշմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել էր այս գրառմանը՝ անհամաձայնություն հայտնելով Սիմոնյանի բոլոր թեզերի հետ, նշելով, որ այն բացասական արձագանք է առաջացրել ՀՀ-ում և հայկական շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի դաշնակիցները ոչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդը: «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, այլ հայ  ժողովուրդը: Դա կարևոր նրբություն է»,- նշել էր նա:

Օրերս Մարգարիտա Սիմոնյանը հերթական գրառումն էր արել՝ ամոթանք տալով ՀՀ իշխանություններին՝ խայտառակ և մանկուրտ որակումներ տալով։

Հարցին, թե որքանո՞վ է տեղին Սիմոնյանի գրառումներն ընկալել՝ որպես ՌԴ իշխանությունների դիրքորոշում հայ-ռուսական հարաբերությունների և ՀՀ իշխանությունների նկատմամբ, Սկակովը պատասխանեց՝ տեղին չէ։

Ըստ նրա՝ ՌԴ-ն իր քաղաքականությունը վարում է համապատասխան գերատեսչությունների միջոցով։

«Ինչպես մենք տեսել ենք, եղել են բավականին ուշագրավ հայտարարություններ ՌԴ ԱԳՆ-ի կողմից Հայաստանի այս կամ այն քայլի վերաբերյալ, ՌԴ-ն հստակ արտահայտվել է անհրաժեշտության դեպքում, իսկ ընդհանուր առմամբ, անկախ այդ խնդիրներից, որոնք կան, համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև նորմալ ընթանում է, որևէ ողբերգական իրավիճակ չկա այդ ամենում Հայաստանի և Ռուսաստանի համար։ Ռուսաստանի համար ներկայումս այս ուղղությունն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չէ, և ամեն ինչ բնականոն իրավիճակում է՝ իմ գնահատմամբ։ Անկախ այդ դիրքորոշումից, կան անհատ գործիչներ, որոնք ունեն իրենց ուրույն կարծիքն ու այն արտահայտում են, դա կարող է համընկնել ՌԴ իշխանությունների դիրքորոշման հետ, կարող է և՝ ոչ, կարող է և՝ նույն ուղղության մեջ ավելի սուր կարծիք լինել, և դա նորմալ է։ Չէ՞ որ փորձագետները ևս կարծիք են արտահայտում, և դա անկախ դիրքորոշում է, էական է չնույնացնելը դրանք։ Չեմ կարծում նաև, որ որևէ արձագանք ՌԴ-ից պետք է լինի դրան, քանի որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտել կարող է, և դա բնական է։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ներկայումս պահպանվում է, դրա համար վտանգներ ես անձամբ չեմ տեսնում, իսկ խնդիրներ կան, կլինեն, որոնց տրվում է արձագանք համապատասխան մակարդակով, բայց կան նաև մարդիկ, անհատներ, որոնք ունեն տարբերվող ընկալումներ և ակնկալիքներ այդ հարաբերություններից, և դրանց չարդարացման դեպքում ավելի սուր են արձագանքում և արտացոլում խնդիրները։ Կարծում եմ՝ բնականոն են և նման արձագանքները, և արձագանքների արձագանքները, և պաշտոնական դիրքորոշումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են, ամեն ինչ լուծվում է»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս