Բոլոր գերտեսչություններին հանձնարարվել է պետբյուջեով հատկացված, բայց դեռ չծախսած գումարը վերադարձնել կառավարության պահուստային ֆոնդ
Օգոստոսի 6-ի նիստում կառավարությունն օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկում որոշում է կայացրել, և պետական բոլոր գերատեսչություններին՝ նախարարություններին, նախարարությունների և կառավարության ենթակա մարմիններին, մարզպետարաններին և վարչապետին ենթակա մարմիններին հանձնարարվել է 2020 թվականի պետական բյուջով առաջին կիսամյակի համար հատկացված, բայց դեռ չծախսած ֆինանսկան միջոցներն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է Հանրապետությունում առկա իրավիճակով, և այդ քայլին կառավարությունը գնում է կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով:
Կառավարության այս որոշման նախագծի վերաբերյալ, սակայն, որոշ գերատեսչություներ ներկայացրել են իրենց առարկություններն առ այն, որ չեն կարող չծախսած ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ, որովհետև նախատեսում են ծախսել այլ միոցառումների կազմակերպման համար։
Մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը նախատեսում է 2020 թվականի պետական բյուջեով առաջին կիսամյակում հատկացված միջոցներից տնտեսված գումարն ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծախսերն իրականացնելու համար:
Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի նախատեսած և փաստացի չֆինանսավորված միջոցների ուղղումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կվտանգի ոլորտի ծրագրերի գծով նախանշված արդյունքների ապահովումն ու ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:
Ընդ որում, ներկայիս գնահատականներով և կանխատեսումներով` ոլորտի որոշ միջոցառումների գծով առկա է միջոցների անբավարարության խնդիր:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնել են, որ ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրի Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վարկավորում» միջոցառման շրջանակներում անհրաժեշտ են լրացուցիչ 7.7 մլրդ ֆինանսական միջոցների ներգրավում, որից՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմանը տրամադրելու նպատակով՝ 3 մլրդ դրամ, երկրորդ միջոցառման համաֆինանսավորման բաղադրիչով՝ 2.5 մլրդ դրամ, երրորդ միջոցառման վարկավորման բաղադրիչով՝ 2.2 մլրդ դրամ:
ԿԳՄՍ նախարարությունից էլ գրություն են ներկայացրել 2020 թվականի 1-ին կիսամյակի համար նախատեսված և փաստացի չֆինանսավորվածը վերաբաշխելու անհնարինության վերաբերյալ։
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հատկացված գումարը կառավարության պահուստային ֆոնդ չուղղելը պայմանավորել է նրանով, որ այդ քայլն էապես կարող է բարձրացնել արդեն ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման ռիսկերը:
Իսկ ահա ՀՀ ոստիկանությունն էլ հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ միջոցները նախատեսվում են օգտագործել այս տարվա ընթացքում առանձին միջոցառումների ծախսերի ֆինանսավորման համար:
Միջուկային անվտանգության կառավարման կոմիտեից էլ տեղեկացրել են, որ չծախսած միջոցները կծախսեն մինչև տարեվերջ։