Բաժիններ՝

Իշխանական պատգամավորը Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը քննադատողներին համեմատել է հաչացող շների հետ

Վերջին օրերին թուրքական լիրայի գրանցած արժեզրկման պատմական ռեկորդների ֆոնին սոցցանցերում օգտատերերը սկսել են հաճախակի քննադատել Թուրքիայի կառավարության վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Այս ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորներն ու նախարարները սոցցանցերում արշավ են սկսել՝ ի սատարումն Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի։

Արշավի շրջանակներում Twitter-ում «ԲերաթԱլբայրաքկողքիդենք» հեշթեգով արված գրառումներից ուշագրավ է հատկապես ԱԶԿ-ական պատգամավոր, խորհրդարանի Ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Ջելալեթթին Գյուվենչի գրառումը։ Վերջինս կառավարությանը քննադատող քաղաքացիներին հաչացող շների հետ է համեմատել։

«Շների հաչոցից ձիերը չեն սատկում»,- գրել է իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ վերջին 2 օրում Թուրքիայի ազգային արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակաբար արժեզրկման 2 պատմական ռեկորդ է սահմանել։ Օգոստոսի 6-ին 1 դոլարի փախարժեքը հասել է մինչև 7,28 լիրայի, իսկ այսօր արդեն 1 դոլարը կազմել է 7,34 լիրա՝ թարմացնելով արժեզրկման երեկվա ռեկորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս