«Միակ հույսը ճանապարհները բացելն է: Արտագնա հոսքերով գոնե կկարողանանք վերականգնել աշխատողներին»
Համավարակի հետևանքով զգալի տուժած զբոսաշրջության ոլորտում քիչ-քիչ շարժ է նկատվում՝ հիմնվելով ներքին ուղղությունների վրա: Որոշ տուրիստականներ փորձում են վերակազմակերպել իրենց աշխատանքը՝ ծառայություններ առաջարկելով ներքին ուղղությունների, սոցփաթեթների հետ կապված: Ներքին ուղղությունների վրա աշխատող տուրիստականներն էլ փորձում են առաջարկել չբացահայտված վայրեր:
«Vardan Travel» ընկերությունը, որը իր գործունեությունը ծավալալել է արտերկրի ուղղություններով, այս օրերին սկսել է ներքին տուրեր կազմակերպել: «Ես սովորաբար իմ խմբային տուրերը Հայաստանից բավական հեռու վայրերում էի կազմակերպում: Հիմա սահմանները փակ են, ժամանակ եղավ բացահայտելու Հայստանի մի շարք քաղաքներ ու վայրեր, որոնք ոչնչով չեն զիջում: Գորիսում, Գյումիրում շատ էի եղել, սակայն երբեք չէի կարողացել բացահայտել, հանգիստ շրջել: Սկզբում ես անձնապես այցելություններ կատարեցի, ինչը հետաքրքրություն առաջացրեց շատերի շրջանում: Մարդիկ սկսեցին գրել, ցանկություն հայտնել միանալու: Որոշեցի հետաքրքրիր տուրեր կազմակերպել, և առաջիկա ուղղությունը նախանշվեց Սյունիք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, ճանապարհորդությունների ընթացքում շատ կարևոր են հյուրանոցները, վայրը, պայմանները: Անձամբ գնացել է, տեղում ստուգել այն հյուրանոցները, որտեղ իրեն վստահող մարդիկ օրեր անց կանգ են առնելու: Վարդան Սարգսյանը նկատեց, որ Գորիսում կոնկրետ իրենց ընտրածը շատ լավ հյուրանոց է, բոլոր հարմարություններով, պահպանվում են համավարակի հետ կապված կանոնները:
«Ասել, որ ներքին տուրերը մեզ շատ օգնում են, ճիշտ չի լինի: Ճանապարհները բացվելուց հետո մտադիր եմ նորից կենտրոնանալ դրսի ուղղությունների վրա, սակայն ասեմ, որ հայաստանյան տեսարժան վայրերի բացահայտումների միտքը ինձ դուր է գալիս: Կարելի է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ տուրեր կազմակերպել: Շուտով մտածում ենք 3-4 օրանոց տուրեր կազմակերպելու մասին»,-ասաց Վարդան Սարգսյանը:
«One way tour»-ը համավարկից առաջ էլ կենտրոնացած էր ներքին ուղղությունների վրա: Առաջարկում էր ամենատարբեր տուրեր հայաստանյան տեսարժան վայրեր այցելելու համար: Այսօր այդ դաշտ մտած տուրիստականների թիվն է ավելանում: Իրենց առավելությունն ընդգծելու համար ընկերությունը վերակազմակերպում ու վերաշեշտադրում է իր աշխատանքը:
«Հիմա պահանջարկը մեծ է հյուրանոցային հանգստի հետ կապված: Թեպետ քայլարշավային տուրերն իրենց տեղը չեն զիջում: Շատերը նախընտրում են գնալ այնպիսի վայրեր, որոնք քիչ բացահայտված են, ավելի հեռու մարզեր: Մենք հիմա ակտիվացրել ենք այն ուղղությունները, որոնք քիչ են բացահայտված, քիչ են հայտնի: Այնպիսի ուղղություններ են, որոնց ամեն օր չէ, որ կհանդիպենք: Առաջարկում ենք նորություն: Օրինակ, Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղը, որն առանձնանում է բնական շատրվանող աղբյուրով՝ հանրության շրջանում ճանաչված բնական գեյզեր անվամբ: Պահանջված է ձիավարությունը Դիլիջանի լեռներում, ռաֆթինգը»,- ասաց տուրիստական ընկերության ներքին տուրմենեջեր Լուսինե Հակոբյանը: Նա ընդգծեց, որ հատուկ ուշադրություն են դարձնում անվտանգության կանոններին: Մինչ հյուրերի ժամանելը, ավտոմեքենաներն ախտահանվում են, տրամադրվում՝ դիմակներ, ախտահանիչներ: Արդեն տեղերում շրջայցերի ժամանակ պահվում է սոցիալական հեռավորությունը: Լուսինե Հակոբյանի խոսքով, նախորդ տարիների համեմատ տուրիստների նկատելի պակաս կա, սակայն համավարակի սկզբի համեմատ այս օրերին իրավիճակը զգալի փոխվել է, բավական շարժ կա, կարելիա ասել քիչ-քիչ աշխատանքը վերականգնվում է:
Զբոսաշրջային ներքին ուղղությունների վրա է կենտրոնացել Եգիպտոս, ԱՄԷ ուղղություններով հայտնի «Անրիվա» տուրիստական ընկերությունը, որը նաև ամիսներ առաջ ավելացրել էր Թունիսը: Սահմանների փակ լինելու պատճառով այսօր հիմնականում ներքին ուղղություններին ուղղված ծառայություններ է առաջարկում: «Անրիվա» ընկերությունների տնօրեն Հռիփսիմե Ստամբուլցյանը նշեց, որ կարելի է ասել ամբողջովին գործը կանգնած է:
«Սոցփաթեթների հետ կապված ենք հիմնականում աշխատում, թեպետ առանց սոցփաթեթների էլ դիմող կա: Հիմնականում հյուրանոցային հանգստի համար են դիմում: Նախընտրելի ուղղություններից է Գորիս-Տաթևը: Սևան, Դիլիջան, Հաղարծին, Հաղպատ, Ախթալա ուղղությունները նույնպես ցանկալիների ցանկում են: Ամեն դեպքում հյուրանոցները թանկ են: Այսօր շատերը անգործ են մնացել: Նորմալ հյուրանոցում նախաճաշով հանգստանալու համար երկու մեծի, երկու բալիկի դեպքում օրը 60 հազար դրամ է անհրաժեշտ: 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար դժվար է»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլցյանը:
Ներքին շուկայի վրա կենտրոնանալը մեծ հաշվով ընկերությանը շատ չի օգնում: Հռիփսիմե Ստամբուլցյանը նշեց, որ մեկ աշխատակից են կարողացել վերականգնել, բայց ունեն 30 աշխատակից: Նրանք աշխատանքից չեն ազատվել, պայմանագրերը խզված չեն, բայց չեն վճարվում:
«Միակ հույսը ճանապարհները բացելն է: Արտագնա հոսքերով գոնե կկարողանանք վերականգնել աշխատողներին: Եթե գոնե շաբաթը մեկ թռիչք բացվի, ապա բազմաթիվ տուրիստականներ կսկսեն քիչ-քիչ աշխատակցիներ վերկանգնել: Այսօր մեզ մոտ չկա հստակություն, իսկ ավիաընկերությունները չեն կարողանում սպասել: Նրանց հստակություն է պետք, որ ասենք սեպտեմբերին են թռնելու, հոկտեմբերին, թե նոյեմբերին: Եթե հստակություն չլինի, ապա այդ ընկերությունները կարող են վերադիրքավորվել այլ ուղղությունների վրա: Այնինչ՝ մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարել նրանց Հայաստան բերելու համար: Ինչու մեր քաղաքացիները Եգիպտոս մեկնեն Վրաստանից, եթե դա կարելի է Հայաստանից անել ու արեցինք: Երեք տարի անխափան աշխատել ենք: Մեր ուզածն այն է, որ գոնե հստակեցում լինի, ու քիչ-քիչ նախապատրաստական աշխատանքներ տանենք արժեքների հաշվեգրման, մարկետինգային գործողությունների համար»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլցյանը: