Ամոթից հիմա էլ այլ խանութներից ենք պարտքեր անում. Պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները սպասում են չստացած աշխատավարձին
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին մոտ 200 աշխատակիցները շարունակում են հույսով ապրել՝ մտածելով, որ մի գեղեցիկ օր կզանգահարեն ու կասեն՝ եկեք ստանալու մեկ ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը: Իսկ մինչ այդ, ցավով նշում են, որ շարունակում են խանութներից պարտքով սնունդ գնել:
Դեռևս մայիսի կեսին խոստացել էին երեք ամսվա ընթացքում վճարել նրանց, սակայն սնանկության գործերով տնօրենի հետ են գնացել և զրուցել, ով բացատրել է, թե «Ա» տառից սկսում են հաշվել, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնեն վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Ասել է, թե՝ դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի:
«Ասում են՝ մենք էլ չունենք, ծախսեր կան, կվերջացնենք, նոր կտանք: Մի փոքր էլ կհամբերենք, որովհետև ասում են, թե դատական գործընթացում առաջընթաց կա: Հուսանք՝ լավ կլինի, եթե ոչ՝ մենք էլ երևի բողոքի ակցիա կազմակերպենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:
Եվ քանի որ սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի, և անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել էր 183, աշխատակիցները հայտնեցին, որ դեռ աշխատավարձի 2/3-ն են ստանում, սակայն պարզվում է՝ սա էլ հավերժ չէ:
«Մեկ ամսով էլ են պայմանագիրը երկարաձգել: Տեսնենք, թե սրա վերջն ինչ է լինելու: Նախկինում խանութներում կուտակած պարտքերն անգամ դեռ չենք վճարել: Ամոթից հիմա էլ այլ խանութներից ենք պարտքեր անում»,- նշեցին նրանք:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մայիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանում 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի․ կաշխատի ընդհանուր 183 մարդ։
«Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի։ Աշխատանքային պայմանագրերն արդեն ստորագրված են։ Անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 183: Քանի որ նախորդ տարի և այս տարեսկզբին կրճատումները մի քանի փուլով են եղել, կրկնում եմ՝ խոսքը հունվարի 11-ին կրճատված աշխատակիցների մասին է։ Աշխատանքային պայմանագրերի առկայության պայմաններում աշխատակիցներն առայժմ չեն հաճախի աշխատանքի, բայց կստանան աշխատավարձ։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Սա հնարավորություն կտա ոչ հապճեպ պայմաններում շարունակել քննարկումները, աշխատանքներն արտադրական բլոկների վերագործարկման մասով, որի պարագայում նախկինում կրճատված աշխատակիցների աշխատանքի վերականգնման գործընթացի երկրորդ փուլը կմեկնարկի։
Ցանկանում եմ ընդգծել՝ այս պահին քննարկման առարկա են միայն արտադրական այն բլոկները, որոնց աշխատանքն արտանետումներ չի ենթադրում։ Եթե հիմնարկի գոյության պահպանության նպատակով գործարկվեն արտանետումներ ենթադրող բլոկներ, դա լինելու է միմիայն կառավարության կողմից սահմանված արտանետումների թույլատրելի սահմանաչափի շրջանակներում։ Նախկինում արտանետումները թույլատրելի սահմանաչափը գերազանցել են ավելի քան 6 անգամ՝ շուրջ 630 տոկոսով։ Հեղափոխությունից հետո այդ անվերահսկելի, անթույլատրելի վիճակն այլևս անցյալում է։ Հրապարակային ասել եմ և կրկնում եմ՝ անելու ենք հնարավորը, որպեսզի Ալավերդիում արտանետումների այդ աղետալի էջը մնա անցյալում»,- գրել էր պատգամավորը։