«Մենք ընդլայնվելու ենք, կարծում եմ՝ սա է սարսափեցնում իշխանություններին». Արծվիկ Մինասյանը՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության մասին

«Մեր աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, օրակարգում բազմաթիվ հարցեր կան, ոչ միայն՝ Սահմանադրական խախտումները  կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողությունները, այլև՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ ներառյալ տնտեսվարող սուբյեկտների մասով։ Սակայն հիմնական հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական համագործակցությունը՝ հանրային առավել լայն ընգրկմամբ։ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Հայրենիքի» համգործակցության նպատակն է՝ ի վերջո, կասեցնել և կանխել այն արատավոր ընթացքը, որտեղ գնում է երկիրը՝ ներկայիս իշխանությունների գործողությունների արդյունքում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեք ուժերի համագործակցությանը և աշխատանքներին։

Նա ընդգծեց, որ իրենք լայն համագործակցության կողմնակից են, ավելին՝ քննարկումների օրակարգերում տեղ են գտել հարցեր, որոնք, օրինակ, վերաբերում են օտարածին կարգերին, որոնք ներմուծվել են երկիր՝ սկսած կրթական չափորոշիչներից՝ մինչև սոցիալական մեկուսացումներ։ Նա արձանագրեց, որ քննարկումների արդյունքում առնվազն մեկ-երկու չափանիշով ընդունելի չեն այն անձինք կամ քաղաքական ուժերը, որոնք ամեն գնով փորձում են Հայաստանը ենթարկել օտարերկրյա տարբեր ծրագրերի փորձադաշտ դարձնելուն։ Կամ փորձում են Հայաստանը թշնամացնել իր ռազմավարական գործընկերների հետ։

«Նրանց հետ մենք ճանապարհ չունենք գնալու, բայց ավելի լայն համախմբվածությամբ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական օրակարգերն առաջ մղելու համաձայնություն ունենք։ Այնպես որ, չպետք է մտածել, որ երեք ուժերով ենք, և վերջ։ Մենք ընդլայնվելու ենք, մեծանալու ենք, կարծում եմ՝ սա է սարսափեցնում այսօրվա քաղաքական իշխանություններին։ Դրա համար է, որ առանձին դեպքերում փորձում են արհեստական կամ քաղաքական խնդիրը լուծելու շրջանակներում կեղծ քրեական գործեր հարուցել մեր ակտիվ կազմի նկատմամբ՝ սա ձեռնագիր է, որը մեզ հայտնի է։ Պարզ է, որպեսզի երեքին բաժան-բաժան անեն, սկսում են ամեն մեկին առանձին վերցրած՝ ուզում եմ հիասթափեցնել, որ նման բան չի լինելու՝ այնտեղ, որտեղ կա հստակ նպատակ՝ փշրելու մեր համագործակցությունը, մենք համարժեք պատասխան տվել ենք և տալու ենք։ Կարող  է խորհրդարանում անձը, որը հայտնի է իր անցյալի ամենաբացասական դրսոևորումներով, վեր կենալ և վիրավորել, օրինակ, «Հայրենիք» կուսակցությանը, նրա ղեկավարին,  ԲՀԿ-ին, կամ էլ մեզ։ Սա ստանալու է համարժեք պատասխան»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս