ՔԿ–ն վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի դեմ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչկան վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, 2013-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, բազմաթիվ անձանց անուններով համայնքի բյուջեից ելքագրել է, նախնական տվյալներով, շուրջ 4.200.000 ՀՀ դրամ գումար՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ ծերերին, միակողմանի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքներին երեխաներին տրամադրելու համար, որը, սակայն, չի տրամադրել նշված անձանց՝ յուրացման եղանակով հափշտակելով այն։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: