Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը:

Նշվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցպատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: 

Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում կառուցապատման հետ կապված ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս