«Անկախ ՍԴ դատավորների թեկնածուներից՝ ԲՀԿ-ն իր մասնակցությամբ չի պատրաստվում օրինականացնել սկսված գործընթացը». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի մեկնաբանությամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող էպոպեայի հետ կապված՝ իշխանությունները մեկ տարի շարունակ լծված են եղել ՍԴ-ն բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին։
«Մեկ տարի շարունակ իշխանությունների ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչն իրականությանը բացարձակապես չէր համապատասխանում, և այդ մասին խոսելու բազմաթիվ հնարավորություններ են եղել։ Այսօր, հենց իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ։ Եվ մեր՝ ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության և ՀՅԴ-ի կողմից ներկայացրած բողոքը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, և ՀՔԾ-ի ընդունած մերժման որոշումը ևս տեղավորվում է իշխանությունների՝ ՍԴ-ի հետ կապված հակաօրինական որոշումներն օրինականացնելու տրամաբանական տեսության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իվետա Տոնոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ի սկզբանե նշել է, որ այս ամբողջ գործընթացը՝ ՍԴ-ն կազմաքանդելու, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը և մնացած բոլոր նախաձեռնությունները, հակաօրինական և հակաիրավական են։ «Անկախ ՍԴ դատավորների թեկնածուներից՝ ԲՀԿ-ն իր մասնակցությամբ չի պատրաստվում օրինականացնել սկսված գործընթացը։
Ցանկացած տեսակի մասնակցություն՝ անկախ դատավորների կենսագրությունից, անցած ճանապարհից, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից՝ նշանակում է՝ օրինականացնել այս հակօրինական գործընթացը»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ն, «Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն իրար հետ համագործակցելու երկար կենսունակություն չեն ունենալու, Իվետա Տոնոյանը նկատեց՝ եթե այսօր երեք ուժերի ներկայացուցիչները միասին հանդես են գալիս մամուլի ասուլիսով՝ առավել քան հստակ պետք է տա այդ խոսակցությունների պատասխանը։
«Այս օրերին բոլորս էլ առիթ ունեցել ենք անդրադառնալու մամուլի այդ «հրապարակումներին», թե իբր եռյակի ձևաչափը կենսունակ չէ, կամ կան խնդիրներ։ Այսօր, թերևս, բոլորիս անունից ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ եռյակի ձևաչափում որևէ խնդիր չկա, մեր համագործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, կենսունակ ձևաչափով, ամենօրյա քննարկման ռեժիմով։ Մենք ակտիվորեն աշխատում ենք, և բոլոր այն մարդիկ, ուժերը կամ կազմակերպությունները, որոնք եռյակի կենսունակության հետ կապված փորձում են կասկածներ սերմանել հասարակության մեջ, պետք է նրանց հիասթափեցնեմ և ասեմ, որ եռյակը շատ կենսունակ աշխատում է»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։
Նա նաև հավելեց, որ, եթե պատասխանեն բոլոր ասեկոսեներին, ապա աշխատելու ժամանակ չեն ունենա, հետևաբար՝ այդ արհեստածին ասեկոսեներին կպատասխանեն իրենց նախաձեռնություններով։