Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ-ում պատասխանել են «Հյուսիսային հոսք-2»-ի հասցեին հնչեցրած ԱՄՆ-ի սպառնալիքներին

Գերմանիայի ԱԳ նախարարության պետական-քարտուղար Նիլս Աննենը Handelsblatt թերթին տված հարցազրույցում քննադատել է ամերիկացի սենատորներին, որոնք գերմանական Զասնից քաղաքի նավահանգստի ղեկավարությանը պատժամիջոցներով են սպառնում «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով: Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ-ի երեք սենատորների նամակը՝ ուղղված Sassnitz GmbH նավահանգստի օպերատորի հասցեին:

Դրանում ասվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այն ընկերությունների դեմ նախապատրաստվող պատժամիջոցների մասին, որոնք մասնակցում են խողովակաշարի կառուցմանն աջակցելուն: Մասնավորապես, նամակում նշվում է, որ աշխատանքները շարունակվելու դեպքում Զասնիցի նավահանգստին սպառնում է «ֆինանսական կործանում»: «ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցների քաղաքականությունը մերձավոր գործընկերների եւ դաշնակիցների նկատմամբ լուրջ ոտնձգություն է մեր ազգային ինքնիշխանությանը»,-հայտարարել է Աննենը: Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունների հասցեին սպառնալիքներով նամակի տոնը եւ բովանդակությունը ամենեւին տեղին չեն:

Նա նշել է, որ Գերմանիայի եւ Եվրոպայի էներգետիկական քաղաքականությունը որոշվելու են «բացառապես Բեռլինում եւ Բրյուսելում, այլ ոչ թե Վաշինգտոնում»: Աննենը նաեւ հայտնել է, որ Գերմանիան օգտվում է ԵՄ-ի խորհրդում նախագահությունից՝ «եվրոպական ինքնիշխանությունը ամրապնդելու» համար, եւ հավելել է, որ Եվրոպան չպետք է տրվի շանտաժի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս