«Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն այդքան դուխ կունենա և քրեական գործ կհարուցի». Արսեն Բաբայանը՝ ՀՔԾ-ի որոշման մասին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ որոշումը։

Ըստ նրա՝ իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր  գործողությունները սկսվել են շատ վաղուց։ Այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր երկու ճյուղերով՝գործադիր և օրենսդիր, որոշեց, որ երրորդ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ պետք է կատարի ոտնձգություն։

«Մենք բոլորս էլ հիշում ենք բազմաթիվ գործողություններ, որոնք նշած շղթայի մի մասն են։ Նախ, Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որին հաջորդեցին նրա մերձավոր շրջանակի նկատմամբ քրեական գործերը, հետո իմ նկատմամբ, որին հաջորդեցին խուզարկությունները, ընտանիքի անդամներին հրավիրեցին ԱԱԾ։

Ըստ էության այդ համակարգում ընդգրկված իրավապահ բոլոր մարմիններն ակտիվ լծված էին հենց այդ գործին, որպեսզի կարողանային ուզուրպացնել Սահմանադրական դատարանը և այնտեղ ունենալ կայուն մեծամասնություն։

Նշեմ մեկ կարևոր հանգամանք, որ ՀՀ-ում գրեթե բոլոր կարևոր մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ, օրինակ, Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ ինքը ՍԴ-ի փոխարեն կարող է տալ մեկնաբանություն կամ որոշել, թե որ գործողություններն են ճիշտ»,- ասաց Արսեն Բաբայանը։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում ընդհանրապես իրավական համակարգի, իրավաբանության, իրավունքի ջախջախումն իշխանությունների կողմից կրում է պարբերական բնույթ և իրենց կողմից ներկայացրած հանցագործությունների ամբողջ շղթային մասնակից է նաև ՀՔԾ-ն։

Նրա խոսքով՝ նման հանցագործությունների հետ կապված օրինակները շատ են, որոնք ընդգրկված են իրենց թվարկած շղթայում՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը, ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի երկրորդ անգամ առաջադրելը և այլն։

Ընդ որում, այս ամենն ապացուցելու համար ՀՔԾ-ին որևէ լրացուցիչ գործողություններ, ապացույցներ հավաքագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ բոլոր գործողությունները եղել են հրապարակային, ուղիղ եթերում, ստորագրվել են փաստաթղթերի տեսքով։

«Այնպես չէ, որ անձամբ ես հույս ունեմ, թե Գլխավոր դատախազությունը պետք է բավարարի այս բողոքը, և մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այդքան դուխ և կհարուցի քրեական գործ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազությանը։ Այն միտված էր օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ  իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։

Տեսանյութեր

Լրահոս