Բուլղարիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար պատրաստ են դյուրացնել այցագրային ռեժիմը
Բուլղարիայում հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան այս տարվա ամառվա սեզոնին եւ պլանավորում են նրանց համար դյուրացնել այցագրային պահանջները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Բուլղարիայի փոխվարչապետ եւ զբոսաշրջության նախարար Մարիաննա Նիկոլովան այն կարծիքին է, որ Ռուսաստանը կարեւորագույն շուկաներից մեկն է բուլղարական տուրիզմի համար: Ուստի իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել հյուրերի եւ տուրօպերատորների հարմարավետ պայմաններն ապահովելու համար:
«Կան կանոններ ու հրահանգներ, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների ուղեւորությունները: Բազմաթիվ երկրներ արդեն ճկունություն են դրսեւորում, ներառյալ ՌԴ քաղաքացիներին հենց օդանավակայանում այցագրեր տալու պրակտիկան: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք ԱԳ նախարարության հետ, որպեսզի դյուրացնենք այցագրային պահանջները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար»,-մեկնաբանել է Նիկոլովան:
Ռուսաստանի բոլոր տուրօպերատորներն արդեն կարող են չարտերների սուբսիդավորման հայտեր ներկայացնել Բուլղարիայի առողջարանների համար: Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար Բուլղարիան պատրաստ է վճարել 35-ական եվրո: Մասնավոր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 28 մլն եվրո: 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Ռուսաստանից տուրիստական հոսքը 60 տոկոսով անկում է արձանագրել 2019 թվականի համեմատությամբ: Անցյալ տարի Բուլղարիա էին ժամանել ավելի քան 450 հազար ռուսաստանցիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: