17 քաղաքացու վստահություն էին չարաշահել ու բռնվել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի կենցաղային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերությունը չարաշահել է քաղաքացիների վստահությունը:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ձեռնարկության տնօրենը, որ Երևանի 60-ամյա մի բնակչուհի է, իր 29-ամյա որդու հետ, հայտարարություն էր տարածել` իբր կազմակերպությունը քաղաքացիներին շտապ գումար է տրամադրում: Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ դիմել էին, պայմանագիր կնքել, համաձայն որի՝ տարբեր խանութներից, ապառիկ վճարման եղանակով, պետք է կենցաղային տեխնիկա գնեին, ապրանքը գրավ թողնեին ընկերությանը և դիմացը գումար ստանային:
Քաղաքացիները տեխնիկան գնել էին, սակայն կազմակերպությունը վերցրած տեխնիկայի դիմաց ըստ պայմանագրի վճարման ենթակա գումարները չէր տվել:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ձեռնարկության տնօրենն ու որդին ներկայացել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանց հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: