
Լոս Անջելեսում ջուրը կկտրեն այն տներում, որտեղ համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանությունները կսկսեն անջատել ջուրն ու էլեկտրականությունն այն տներում, որտեղ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում մեծ թվով հյուրերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետին, որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Համապատասխան կարգադրությունն արդեն արվել է քաղաքի ջրային պաշարների եւ էներգետիկայի վարչությանը: Այդ միջոցը, որի պատճառը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճն է, կսկսի գործել օգոստոսի 7-ից:
Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իշխանությունները տեղեկացրել են, որ անցած օրը քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2,3 հազար նոր դեպք, 68 մարդ մահացել է: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մեգապոլիսում արձանագրվել են 197 հազար ախտահարված եւ 4,8 հազար մահացու վախճան: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, նկատվում են հիվանդացության ռեկորդային ցուցանիշներ: Տեղական իշխանությունները դադարեցրել են սանիտարական սահմանափակումների թուլացման կամ վերացման՝ ավելի վաղ սկսված գործընացը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք, մահացել է 158,2 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: