«Երբ Արփի Դավոյանը երեխա էր և իրենց գյուղում խոտհարք էր անում՝ Գագիկ Ծառուկյանն ուղարկում էր իրենց գյուղի պարարտանյութը». Աշոտ Անդրեասյան
ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Սերգեյ Բագրատյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավոր դառնալն իշխանության հետ գործարքի հետևանք է:
«Ես վստահ եմ, որ նա գործարքի է գնացել ներկայիս իշխանությունների հետ, այսինքն՝ նրան շանտաժի են ենթարկել: Ես գրառում էի կատարել, որտեղ նաև նշել էի, որ քրեական գործ է հարուցվել նրա դեմ, և որպեսզի այդ քրեական գործերը չունենան շատ ավելի լուրջ ընթացք, նա դուրս է եկել խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աշոտ Անդրեասյանը չի հիշում գեթ մի դեպք, երբ Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կամ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայն չլինի կամ չկիսի գաղափարները.
«Մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչի մասին է խոսում պարոն Բագրատյանը: Կարծում եմ՝ այդ տեքստն էլ ինքը չի գրել, այլ գրել և տվել են իրեն, որովհետև նրա խոսքերից, երբ ասում է՝ չի կիսել գաղափարները, հայ ժողովրդի, հանրապետության զարգացումը չի տեսնում մեզ հետ, նա երբևիցե նմանատիպ կարծիք չի հայտնել և ազատ է եղել իր կարծիքը հայտնել միշտ»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողներին, ինչի վերաբերյալ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը ընդամենը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել այս իրավիճակից և «փորձել վերականգնել իր կուսակցության անունը՝ փորձելով ցույց տալ, որ ինքը շարունակում է մնալ քաղաքական գործընթացների մեջ»:
Պատգամավորն ընդգծել է.
«Չեմ զարմանա, որ Գագիկ Ծառուկյանը հաջորդիվ կհանդիպի այն մարդկանց հետ, ովքեր շատ ստատուս կգրեն Ֆեյսբուքում: Ես որևէ ձևով չեմ ուզում մեր բողոքը արտահայտող քաղաքացիների բողոքի հարցը կասկածի տակ դնել, բայց Գագիկ Ծառուկյանի հետ այդ ամենը քննարկելը, չեմ կարծում, որ կարող է որևէ արդյունք տալ»:
Արփի Դավոյանի հնչեցրած գնահատականներին ի պատասխան՝ Աշոտ Անդրեասյանը հետևյալն ասաց. «Անկեղծ եմ ասում՝ թեև Արփի Դավոյանը պատգամավոր է, իսկ ես՝ ոչ, սակայն ինձ համար նրա մակարդակին հավասարվելը շատ ամոթ է, քանի որ Արփի Դավոյանը աչքի է ընկնում իր այն մտքերով, որոնք հասկանալի չեն նորմալ գիտակցություն ունեցող մարդկանց: Արփի Դավոյանը երբ երեխա էր և իրենց գյուղում խոտհարք էր անում, այդ ժամանակվանից Գագիկ Ծառուկյանն ուղարկում էր իրենց գյուղի պարարտանյութը, որպեսզի իրենց գյուղացիները կարողանային աշխատել, ունենալ բերք: Չեմ կարծում, թե Արփի Դավոյանի պես պատգամավորը կամ, առհասարակ, մարդը իրավունք ունի խոսել մի մարդու մասին, ով իր կյանքի ընթացքում այնքա՜ն բան է արել հայ ժողովրդի համար: Ես հասկանում եմ՝ «Իմ քայլի» մեծ թվով պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի անունը տալով՝ բարձրացնում են իրենց վարկանիշը, սակայն ես դատապարտում եմ նման արտահայտությունները և տգետ մտքերը: Նա երևի տեսողության կամ լսողության հետ խնդիրներ ունի, երբ երկու անգամ այդ երաժիշտները հավաքվել էին կառավարության դիմաց, կառավարությունը թքած ուներ այդ ժողովրդի վրա, հենց Արփի Դավոյանը ինչո՞ւ չգնաց և չհանդիպեց այդ երաժիշտների հետ, կամ կառավարությունից ինչո՞ւ որևէ մեկը չեկավ և չհանդիպեց նրանց հետ, չփորձեցին լուծում տալ: Թե՞ այդ երաժիշտները չեն կարող երգել, օրենք են խախտում, իսկ Հայկ Սարգսյանն իր փարթիի խմբով կարող է Սևանում փարթիներ կազմակերպել և 10 հազար դրամով ու մի ներողությունով շարժվել առաջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում