«Այդ ո՞ր կոռուպցիոների դեմ են արդյունավետ պայքարել». Սայաթ Շիրինյանը՝ իշխանություններին

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգումը նպատակ չի հետապնդում հասարակությանը պաշտպանելու կորոնավիրուսից։ Այլ այն իշխանությունների հերթական փորձն է՝ իրենց իշխանության ժամկետը երկարաձգելու համար։

«Այս պահին սոցիալ-տնտեսական դժգոհությունները սարսափելի մեծ չափերի են հասել, չի բացառվում, որ արտակարգ դրության իրավիճակի պարագայում դժգոհության ալիքն ուղղակի սրբի և տանի։ Եթե իշխանությունները մտածում են, որ արտակարգ դրության երկարաձգումով հնարավոր է երկարաձգել իրենց իշխանության ժամկետը՝ վստահաբար ասում եմ, որ ոչ՝ ալիքը սրբելու է և տանելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց Սայաթ Շիրինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը արդյո՞ք պայմանավորված է  քաղաքական գործոնով։
Անդրադառնալով աղմկահարույց քրեական գործերին, Սայաթ Շիրինյանը նկատեց՝ մինչև այսօր օրվա իշխանություններն ի՞նչ բացահայտումներ են արել։

Ըստ նրա, երկու տարվա ընթացքում, բացի շոուներից, որևէ բացահայտում չեն արել։

«Անընդհատ հայտարարում են, թե կոռուպցիան արմատախիլ են արել, արդյունավետ պայքարում են դրա դեմ, բայց ի՞նչ արդյունավետ պայքարի մասին է խոսքը։ Այդ ո՞ր կոռուպցիոների դեմ են արդյունավետ պայքարել։ Վարչապետը հայտարարում էր, թե կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ են բերելու, բա թող բերի, ո՞վ է իրեն խանգարում, այսօր բոլոր ուժայիններն իր ձեռքի տակ են»,- եզրափակեց Սայաթ Շիրինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս